«Ռիեկա»-ի մարզիչը «Նոա»-ի դեմ բարդ խաղ է սպասում
2 րոպեի ընթերցում

Խորվաթական «Ռիեկա»-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի «Նոա»-ի դեմ խաղում բարդ հանդիպում է սպասում:
«Այստեղ ենք գերմոտիվացված, քանի որ մեկնարկում ենք նոր մրցաշարում: Մոռանալու ենք ներքին առաջնության վատ արդյունքները: Ֆուտբոլը 90 րոպե է, և այդ ընթացքում շատ բան կարող է լինել: «Նոա»-ն որակապես լավ թիմ է: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, և դժվարանում եմ ֆավորիտին առանձնացնել: Մեծ հարգանք ունենք մրցակցի նկատմամբ ու գիտենք, որ մեզ բարդագույն խաղ է սպասվում: Փորձելու ենք հաղթանակի հասնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սանչեսը:
«Ռիեկա»-ի ֆուտբոլիստ Դանիել Ադու Աջեի կարծիքով՝ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը նոր հնարավորություն է թիմի նոր մեկնարկի համար:
«Դժվար ժամանակներ են մեր թիմի համար ներքին առաջնությունում, քանի որ անհաջող հանդիպումներ ենք անցկացնում: Ինքնավստահ ենք ու ձգտելու ենք լավ խաղ ցուցադրել Կոնֆերենցիաների լիգայում: Փորձելու ենք անել մեր առավելագույնը` այս շրջանում դրականի հասնելու համար»,- ասաց նա:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Երևանում կմրցի խորվաթական «Ռիեկա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին ժամը 20:45-ին:
