Հայաստանն ու Ռուանդան քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու ուղիները
2 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ռուանդայի Հանրապետության Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և նորարարության նախարարության պետական նախարար Իվ Իրադուկունդայի գլխավորած պատվիրակությանը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և նորարարության ուղղություններում երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները քննարկելու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները` հատուկ ուշադրություն դարձնելով բարձր տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ոլորտներում կարողությունների զարգացմանը։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդակցությունները և ուսումնասիրելու գործնական համագործակցության մեխանիզմները, որոնք կնպաստեն երկու երկրների տեխնոլոգիական առաջընթացին և թվային կայունությանը։
Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների խթանման և կայուն նորարարություն ապահովող հարթակների ստեղծման անհրաժեշտությունը։