3 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում սեպտեմբերի 30-ին հանդիսավոր պայմաններում վերաբացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ հանդիսացող Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղի նոր շենքի վերաբացման արարողությանը ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
Միջոցառմանը մասնակցեցին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմների աշխատակիցներ, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ներկայացմամբ՝ տասնյակ տարիներ պատկերասրահի Գավառի մասնաճյուղը տեղակայված է եղել մասնավոր տարածքում՝ դեղատան, խանութների սերտ հարևանությամբ և գտնվել է խիստ անմխիթար վիճակում։
Քաղաքի մշակութային այս բացառիկ կենտրոնը բացվել է 1991 թվականին, ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի արժեքավոր հավաքածուի հիման վրա։ Շուրջ 40 գեղանկար, գրաֆիկա, քանդակ ներկայացնում են 20-րդ դարի հայկական կերպարվեստի դասականներ, համաշխարհային ճանաչում վայելող Էդգար Շահինի,Եղիշե Թադևոսյանի, Հովհաննես Ալխազյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Խաչատուր Եսայանի, Մինաս Ավետիսյանի, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի, Գեորգի Վերեյսկու և այլ արվեստագետների գեղարվեստական ժառանգությունը։
Հայաստանի ազգային պատկերասրահի վարած բանակցությունների արդյունքում, Գավառ խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ, մասնաճյուղին Գավառի մշակույթի պալատի շենքում հատկացվել է 284,3 քառակուսի մետր զբաղեցնող երկհարկանի տարածք։ Ազգային պատկերասրահն իր միջոցներով վերանորոգել, արդիականացրել է տարածքը, և այսօր Գավառի պատկերասրահը նոր կոնցեպտով ու ցուցադրությամբ բացում է իր դռներն այցելուների առջև։ Հիմնական հավաքածուից բացի, ժամանակավոր ցուցահանդեսների սկզբունքով հանրությանն են ներկայացվում չցուցադրված նմուշներ Պատկերասրահի ֆոնդերից։ Ժանրաթեմատիկ բազմազանությամբ առանձնացող էքսպոզիցիայի հիմքում Սևանա լիճն ու շրջակա բնությունն են, գյուղական բնակավայրերն ու կենցաղային տեսարանները։
Միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղի տնօրեն Ջուլիետա Ղարաբաղցյանը երկարատև, անբասիր ու անձնվեր աշխատանքի, ինչպես նաև ծննդյան 90-րդ տարեդարձի առիթով պարգևատրվեց Հայաստանի ազգային պակերասրահի տնօրինության պատվոգրով։
Գավառի մասնաճյուղի վերաբացումն ուղեկցվեց նոր մշակված կրթական ծրագրերով՝ Գավառի գեղարվեստի դպրոցի և Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ, ինչպես նաև «Մեղեդի» լարային քառյակի երաժշտական համարներով։