Քաղաքականություն

2018 թվականից հետո Հայաստանի իշխանությունն ընտրություն կեղծելու փորձ չի արել. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

2018 թվականից հետո Հայաստանի իշխանությունն ընտրություն կեղծելու փորձ չի արել. Փաշինյան

Հայաստանում 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո իշխանությունը որևէ ընտրություն կեղծելու փորձ անգամ չի արել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում իր ելույթում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այս ընթացքում տեղի են ունեցել երկու խորհրդարանական ընտրություններ և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Հայաստանի բոլոր համայնքներում, որոշ տեղերում նույնիսկ՝ երկու անգամ։ 2018 և 2021 թվականների համապետական խորհրդարանական ընտրությունները միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, ինչն, ըստ էության, մեր պատմության մեջ աննախադեպ էր։ Տեղական ինքնակառավարման մարմինների որևէ ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել, մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն, ըստ էության, անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է հետընտրական գործընթաց հասկացությունը, երբ մարդիկ փոփոխությունների հույսը կապում էին հետընտրական պրոցեսների հետ, որովհետև գիտեին, որ ընտրությունները կեղծվելու էին իշխանությունների կողմից։ Վարչապետը նաև նշեց՝ այնպես չէ, որ Հայաստանում ընտրական ժողովրդավարությունը խնդիրներ չունի։ 

«Հայաստանում որոշ ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու պրակտիկան շարունակում է կիրառվել։ Խնդիրն այստեղ ոչ միայն այն է, որ իրավապահներից մեծ ջանք է պահանջվում նման դեպքերը բացահայտելու համար, այլև չկան գործնական մեխանիզմներ՝ ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ազդեցության չափը պարզելու համար։ Որպես հետևանք՝ ընտրակաշառք բաժանած ուժերին քաղաքական և ընտրական պրոցեսից դուրս թողնելու գործնական մեխանիզմները կա՛մ բացակայում են, կա՛մ անորոշ են, նման մեխանիզմների գործարկումը կարող է ընկալվել որպես ընտրությունները վերահսկելու փորձ»,- նշեց Փաշինյանը։  

Վարչապետի խոսքով՝ այս դեպքում՝ ընտրակաշառքի միջոցով մանդատ ստացածների ներկայությունը խորհրդարանում կամ ՏԻՄ-երում ընկալվում է որպես ժողովրդավարության անպաշտպանություն։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում