Քաղաքականություն

Ժողովրդավարությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Ժողովրդավարությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի պետականության և անկախության պահպանման հիմքը ժողովրդավարությունն է համարում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում իր ելույթում։

Վարչապետն ընդգծեց՝ հիբրիդային պատերազմի մաս հանդիսացող 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ տեղի են ունեցել ժողովրդավարությունը քայքայելուն ուղղված մի շարք գործողություններ, սակայն Հայաստանի պետականության և անկախության կործանումը կանգնեցրել է հենց ժողովրդավարությունը։ 

«Պատերազմն ու դրան ուղեկցող ապատեղեկատվությունն այն գործիքներն էին, որոնցից օգտվելով, հակաժողովրդավարական ուժերը մեզնից պահանջում էին պարզապես իշխանությունը հանձնել իրենց։ Մենք ասացինք, որ ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող հանձնել որևէ մեկին, բայց կարող ենք ժողովրդին հարցնել։ 2021թ․ ապրիլին ես հրաժարական տվեցի, արդյունքում լուծարվեց երկրի խորհրդարանը, և մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ սահմանային էսկալացիաների, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի և տեղեկատվական ահաբեկչության պայմաններում։ Ոչ ոք չէր հավատում, որ մեր կուսակցությունը կրկին կստանա ժողովրդի վստահության քվեն, բայց ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժը ոչ միայն կրկին ստացավ ընտրողների մեծամասնության քվեն, այլև ձևավորեց սահմանադրական մեծամասնություն։ Սա տեղի ունեցավ մի հիմնական պատճառով․ ժողովուրդը հասկացավ, որ այդ ընտրությունն է, որ երաշխավորելու է իր՝ ժողովրդի իշխանությունը Հայաստանում։ Կարող եմ միանշանակ և աներկբայորեն արձանագրել, որ այսօր, այո,  Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը Հայաստանում ժողովրդավարության երաշխավորն է։ Հայաստանն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ազատ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի ժողովրդավար է, քան երբևէ»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը վերահաստատեց՝ իշխանությունն այսօր պատկանում է ժողովրդին։

«2021թ․ ընտրություններում ժողովուրդն իր սեփական նախընտրական ասելիքը նաև ձևավորեց և պատվիրակեց կառավարող մեծամասնությանը։ Առաջնային կետը խաղաղությունն էր, նա մեզ պատվիրակեց Հայաստանին բերել խաղաղություն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ժողովրդի պատգամն արձանագրված է 2021-2026թթ․կառավարության ծրագրում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում