Մշակույթ

Գավառում կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը

2 րոպեի ընթերցում

Գավառում կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը

Գավառում սեպտեմբերի 30-ին կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ընդգծելով, որ Պատկերասրահի վարած բանակցությունների արդյունքում Գավառ խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 3 հասցեում հատկացվել է 284,3 քմ զբաղեցնող երկհարկանի տարածք, որում Հայաստանի ազգային պատկերասրահն իր միջոցներով վերանորոգման և արդիականացման աշխատանքներ է իրականացրել:

Այժմ Գավառի պատկերասրահը նոր ցուցադրությամբ բացում է իր դռներն այցելուների առաջ։ Հիմնական հավաքածուից բացի, ժամանակավոր ցուցահանդեսների սկզբունքով ֆոնդերից հանրությանն են ներկայացվելու չցուցադրված նմուշներ։ Ժանրաթեմատիկ բազմազանությամբ առանձնացող էքսպոզիցիայի հիմքում Սևանա լիճն ու շրջակա բնությունն են, գյուղական բնակավայրերն ու կենցաղային տեսարանները։

Մասնաճյուղի վերաբացումն ուղեկցվելու է նոր մշակված կրթական ծրագրերով՝ Գավառի գեղարվեստի դպրոցի և Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ, ինչպես նաև «Մեղեդի» լարային քառյակի երաժշտական համարներով։

Քաղաքի մշակութային այս բացառիկ կենտրոնը բացվել է 1991 թ.՝ ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի արժեքավոր հավաքածուի հիման վրա։ Շուրջ 40 գեղանկար, գրաֆիկա, քանդակ ներկայացնում են 20-րդ դարի հայկական կերպարվեստի դասականներ, համաշխարհային ճանաչում վայելող Էդգար Շահինի, Եղիշե Թադևոսյանի, Հովհաննես Ալխազյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Խաչատուր Եսայանի, Մինաս Ավետիսյանի, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի, Գեորգի Վերեյսկու և այլ արվեստագետների գեղարվեստական ժառանգությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում