Համայնքների միությունը դատապարտել է Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի համայնքների միությունը խստորեն դատապարտում է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կատարված զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համայնքների միության հայտարարությունը հրապարակել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Խստորեն դատապարտում ենք Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կատարված զարհուրելի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը։

Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Փարաքար համայնքի ողջ բնակչությանը։ Վիրավորում ստացած անձին մաղթում ենք շուտափույթ և լիարժեք ապաքինում։

Համայնքների միությունը կոչ է անում Հայաստանի իրավապահ մարմիններին արագ և ամբողջական քննություն իրականացնել` հանցագործության կազմակերպիչներին և կատարողներին ամենախիստ պատասխանատվության ենթարկելու համար։

Համայնքների միությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը բոլոր համայնքապետերին և բնակիչներին՝ ընդգծելով, որ որևէ բռնություն կամ ահաբեկում անընդունելի է և պետք է արժանանա իրավական համարժեք արձագանքի»,- ասված է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Ոստիկանությունն ահազանգ է ստացել Մերձավանում կրակոցների մասին։ Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայր ժամանելուց հետո պարզել է, որ կրակոցների հետևանքով սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, որն այդ պահին ծառայության մեջ չի եղել։  Կրակոցների հետևանքով վիրավորվել է Արծրուն Գալստյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, աշխատանքներ են տարվում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նախնական տեղեկություններով դիմակավորված անձը մոտեցել է փողոցում կանգնած Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և Արծրուն Գալստյանին և կրակահերթ արձակել նրանց ուղղությամբ։ Համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ հանցագործության հեղինակը կրակոցներն արձակել է ինքնաձիգից։ 

Հայերեն

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում