Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին
1 րոպեի ընթերցում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17։30-ին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եզրափակից խոսքից հետո հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։
Օգոստոսի 28-ին կայացած դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։