Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսել է Եվրոպայի Քիգ-բոքսինգի առաջնությունում հաղթած մարզիկներին եւ նրանց մարզչին
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին ընդունել եւ խրախուսել է Եվրոպայի Քիք- բոքսինգի առաջնությունում փայլուն արդյունքներ գրանցած վարդենիսցի մարզիկներ Գառնիկ Գրիգորյանին, Ալեք Սիմոնյանին, Իվան Մանուկյանին եւ նրանց մարզիչ Վարդան Մովսիսյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Քիք-բոքսինգի ասոցիացիայի անդամները վերջերս մասնակցել են Իտալիայում անցկացված Քիգ-բոքսինգի Եվրոպայի առաջնությանը՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային հարթակում։
«WAKO» մրցաշարի արդյունքներով՝ Գառնիկ Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ, Ալեք Սիմոնյանը՝ արծաթե և բրոնզե մեդալներ, իսկ Իվան Մանուկյանը թեեւ մեդալ չի նվաճել, սակայն ցուցադրել է կամային որակներ։ «Ձեր հաղթանակները միայն մարզական հաջողություններ չեն․ դրանք ամբողջ մարզի ու երկրի համար հպարտանալու առիթ են։ Շարունակեք մարզվել նույն նվիրումով, պահպանեք ձեր հաղթողի ոգին ու անպայման կհասնեք ավելի մեծ բարձունքների»,- ասել է մարզպետ Կարեն Սարգսյանը՝ շնորհավորելով երիտասարդ մարզիկներին։
Մարզպետը շնորհակալագրերով խրախուսել է մարզիկներին, ինչպես նաև մարզիչ Վարդան Մովսիսյանին՝ Գեղարքունիքի մարզում քիգ-բոքսինգի զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Իր հերթին Վարդան Մովսիսյանը մարզաձևի զարգացմանն աջակցելու և համագործակցության համար Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին փոխանցել է Քիգ-բոքսինգի համաշխարհային ասոցիացիայի նախագահի կողմից շնորհված գավաթը, իսկ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին՝ ասոցիացիայի մեդալ և մարզական շապիկ։