9 րոպեի ընթերցում
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 22-ին մեկնարկեց «Նոր զարգացող միտումները քիմիայում» խորագրով միջազգային քառօրյա գիտաժողովը, որի նպատակն է գիտության այս ճյուղի տարբեր ոլորտների հեղինակավոր հետազոտողների ներգրավմամբ խթանել մասնագիտական նպատակային քննարկումները և նպաստել բազմաբնույթ համագործակցության ձևավորմանը։
Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն զեկույցներ օրգանական սինթեզի և գործնական կիրառությունների, կատալիզի, բժշկական քիմիայի, հետերոցիկլիկ քիմիայի և դեղերի նախագծման, նոր տեխնոլոգիաների համար նախատեսված ֆիզիկական և քիմիական հետազոտությունների, քիմիայում, կենսաբանությունում և բժշկությունում ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառման, գերմոլեկուլային քիմիայի և նյութագիտության վերաբերյալ:
Մասնակցում են գիտնականներ 15 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Նիդեռլանդներից, Չինաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Ֆրանսիայից:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Oրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երևանի պետական համալսարանը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ն. Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտը։
ԵՊՀ քիմիական ֆակուլտետի դեկան Արմեն Գալստյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, նշեց.
«Գիտաժողովը կազմակերպվել է երկրորդ անգամ, առաջինը տեղի է ունեցել 2023 թվականին: Այս անգամ նույնպես ներկայացվելու են քիմիայում գրանցված նորագույն նվաճումները: Նպատակն է ծանոթանալ, շփվել, համագործակցել տարբեր երկրների գիտնականների հետ՝ նաև այդ կերպ խթանելով գիտության զարգացումը Հայաստանում: Ժամանել են ոչ միայն օրգանական, այլ ընդհանրապես քիմիայի տարբեր ուղղությունները ներկայացնող մասնագետները»:
Գալստյանի ներկայացմամբ՝ ժամանակակից քիմիայի զարգացումը միտված է այսպես կոչված խելացի նյութերի ստեղծմանը, մեթոդաբանությունների մշակմանը, նյութերի համակարգչային դիզայնի ձևավորմանը և այլն:
«Խելացի են համարվում այն նյութերը, որոնք ստեղծվում են նախապես սահմանված պահանջներին համապատասխան և ունենում են անհրաժեշտ հատկություններ: Օրինակ, որոշակի ազդակների ազդեցությամբ կարող են փոխել իրենց գույնը, դառնալ թափանցիկ կամ անթափանց, օգտագործվել դեղերի տեղափոխման համար և այլն: Դրանց ստեղծումը միտված է միջավայրը մարդկանց համար ավելի հարմարավետ դարձնելուն»,- մանրամասնեց նա:
Դեկանը տեղեկացրեց, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում ներկայում իրականացվում են բազմաբնույթ հետազոտություններ: Այսպես, ֆիզիկական քիմիայի ամբիոնը զբաղվում է սպեկտրոսկոպիական և համակարգչային վերլուծական ծրագրերի միջոցով դիսպերս համակարգերի հետազոտմամբ, օրգանական քիմիայի ամբիոնում աշխատում են էլեկտրահաղորդիչ պոլիմերներով, ինչպես նաև ասմետրիկ կատալիզիկ հետազոտություններով ու հետերոցիկլիկ միացությունների սինթեզով զբաղվող գիտական խմբեր:
Գալստյանը հայտնեց, որ վերջին տարիներին ֆակուլտետը, հիմնականում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ԵՊՀ ֆոնդային բազայի աջակցությամբ, վերազինվել է շուրջ 1 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ժամանակակից սարքերով:
Ֆակուլտետի շրջանավարտներից մի քանիսն արդեն աշխատում են արտասահմանյան տարբեր բուհերում և հայտնի ընկերություններում: Օրինակ, ԱՄՆ-ի Նոտրդամի համալսարանում, Գերմանիայի՝ Մյունսթերի և Բոխումի համալսարաններում: Իսկ Հայկ Խաչատրյանը «Սամսունգ» ընկերության ստեղծած ծալվող էկրանների համահեղինակներից է: Այժմ նա «Հուավե»-ի Ֆինլանդիայի մասնաճյուղի նյութագիտության լաբորատորիայի վարիչն է:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտը ներկայացնող Վալենտին Անանիկովն էլ մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ հիմա նկատելիորեն արագացել է նոր նյութերի և ռեակցիաների հայտնաբերումը՝ կապված թվային տեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ռոբոտացված սարքավորումների ներդրմամբ:
«Ամբողջ աշխարհում սինթեզվում են տասնյակ հազարավոր նոր մոլեկուլներ: Դա առաջին հերթին կապված է դեղամիջոցների սքրինինգի հետ, քանի որ մարդկությունը բարձր համակարգային նոր նյութերի՝ հակաբիոտիկների, հակավիրուսային միջոցների կարիք ունի: Առհասարակ, ուշադրություն է դարձվում այնպիսի անտիսեպտիկ միջոցներին և դիոցիդներին, որոնք ազդեցություն չեն ունենա շրջակա միջավայրի վրա:
Մյուս շատ ակտիվ ուղղությունը էներգետիկան է. ստեղծվում են կուտակիչների, մարտկոցների, վառելիքային տարրերի բաղադրիչ հանդիսացող նյութեր:
Նախկինի պես ակտուալ է նոր մոլեկուլների սինթեզումը՝ լույսի արձակման և կլանման սարքերի, արևային մարտկոցների և լուսադիոդների ստեղծման համար:
Կարևոր ուղղություն է նաև նոր կատալիզատորների ստեղծումը: Քիմիայում արդյունաբերական բոլոր պրոցեսների 80 տոկոսը հիմնված է կատալիզատորների վրա, որոնք անհրաժեշտ է անընդհատ ստեղծել, նորացնել: Դա ավելի էժան է դարձնում քիմիական գործարանների արտադրանքը: Վառելիք, պոլիմերներ, պլաստիկներ՝ գլխավոր բաղադրիչներն են, որոնք արտադրվում են քիմիական գործարաններում»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ երևանյան կոնֆերանսը նոր չափորոշիչներ կսահմանի քիմիական գիտության զարգացման նոր միտումների ընկալման համար:
Նա կարևորեց նաև Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների, տարբեր համալսարանների ակտիվ համագործակցությունը ու համատեղ նախագծերի իրականացումը օրգանական և ֆարմացևտիկ քիմիայի ոլորտներում:
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, համաժողովի կազմկոմիտեի նախագահ Ռոբերտ Հակոբյանն էլ նշեց, որ կոնֆերանսը արտասահմանյան առաջատար գիտնականներին Հայաստանում հյուրընկալելու շատ լավ հնարավորություն է:
«Այս անգամ ընդլայնել ենք մասնակիցների շրջանակը՝ հրավիրելով գիտության տարբեր տեսակներով զբաղվող մասնագետների: Սա նաև արտասահմանցի գործընկերների հետ անմիջականորեն շփվելու, զարգացման ժամանակակից միտումները քննարկելու, նաև համագործակցելու հրաշալի առիթ է հայ գիտնականների, հատկապես, երիտասարդների համար»,- ընդգծեց նա:
Ըստ Հակոբյանի՝ համագործակցության արդյունքում արտասահմանցի գիտական խորհրդատուների հետ արդեն իրականացվում են դրամաշնորհային տարբեր ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթների շնորհիվ: Այդպիսի նախագծեր իրականացվում են մասնավորապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի, եվրոպական մի շարք երկրների գործընկերների հետ:
Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանում կան միջազգային ճանաչման արժանացած, հեղինակավոր տարբեր գիտական հանդեսներում պարբերաբար հոդվածներով հանդես եկող քիմիկոսներ, սակայն դեռ շատ անելիք կա նախորդ մի քանի տասնամյակների բացը լրացնելու և հայրենի գիտությունը երբեմնի բարձր մակարդակին հասցնելու ուղղությամբ: Վերջին 3-4 տարիներին նկատվող դրական տեղաշարժն, ըստ Հակոբյանի, երիտասարդներին դարձյալ մղել է լրջորեն զբաղվելու գիտությամբ:
Նշվեց, որ ոլորտում կարևորագույն խնդիրներից է մնում Հայաստանում քիմիական արտադրության, արտադրական ողջ շղթայի, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված-գիտություն կապի բացակայությունը, առանց որի անհնար է զարգացնել քիմիական արդյունաբերությունը, որը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից է եղել խորհրդային տարիներին: