Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան պնդում է, որ ինքը որևէ կապ չունի լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու միջադեպի հետ
5 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանը պնդում է, որ որևէ առնչություն չունի լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու միջադեպի հետ։
Լրագրող Հակոբ Կարապետյանն ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ երեկոյան ժամի աշխատանքից դուրս գալուց հետո դիմակավորված մի անձ իրեն ծեծի է ենթարկել՝ այդ միջադեպը կապելով ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանի հետ ունեցած խոսակցության հետ։
Սեպտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բաբայանը հայտնեց, որ ինքը հարցաքննվել է Քննչական կոմիտեում, ունի վկայի դատավարական կարգավիճակ։ «Կարծում եմ, որ շատ շուտով իրավապահ մարմինները կտան բոլոր հարցերի պատասխանները, և այն լրատվականներն ու անձինք, որոնք փորձեցին ուղղակի լսել մեկ անձի և իմ հասցեին մեղադրանքներ տարածել, ժամանակի ընթացքում կտարածեն նաև հերքումներ»,- նշեց Բաբայանը։
Ավետիք Բաբայանը հերքեց նաև Հակոբ Կարապետյանի մեղադրանքները, թե ինքը Կարապետյանի հասցեին հայհոյանքներ է հնչեցրել։
«Տվյալ անձը լրատվամիջոցների հետ զրույցում ասում է, որ ես եմ իրեն հայհոյել, իսկ ինքը փորձել է խոսակցությունը տեղափոխել կոռեկտ դաշտ, որը իրականությանը չի համապատասխանում։ Քաղաքացուն ես մենակ պատասխանել եմ այն կոնտեքստով, ինչով նա ինձ վիրավորել է, որից անմիջապես հետո ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանից հետո խնդրել եմ նրա հեռախոսահամարը՝ հասկանալու համար, թե ո՞նց կարող է մարդը անծանոթ մարդու հասցեին հայհոյանքներ հնչեցնել, նորից եմ ստացել հայհոյանքների տարափ և այդտեղ շփումը դադարել է։ Դրանից երկու օր հետո ինքը չի հանգստացել և զանգել է իմ աշխատանքային ընդունարան, գործավարին խնդրել է, որ ինձ փոխանցեն իր հեռախոսահամարը, որպեսզի ես իր հետ կապվեմ։ Հասկանալով, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ, իմ սուբյեկտիվ կարծիքով, ես փորձում եմ զերծ մնալ այդ ամենից և իրեն չեմ էլ զանգում, որից հետո նա «Մեսինջեր» հավելվածի միջոցով 10-15 նամակ է ուղարկում, իմ, իմ ազգականների, իմ ընկերների, աշխատանքային թիմի հասցեին հայհոյանքների տարափ է գալիս։ Ես միայն այդ ժամանակ զանգում եմ նրան, որ հասկանամ, թե ինչ է կատարվում, սակայն նա իմ ձայնը լսելուց հետո, հասկանալով, որ ես եմ, անջատում է։ Այսքանով մեր խոսակցությունը սահմանափակվել է։ Ես Հակոբ Կարապետյանին չեմ ճանաչում, ես նրան չեմ տեսել, նրա հետ որևէ առնչություն չեմ ունեցել»,- ասաց Ավետիք Բաբայանը։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան հավելեց, որ իրենք բռնությունը դատապարտում են՝ շեշտելով նաև, որ իրենց համար արդար քննադատությունն ընդունելի է, սակայն դա չի նշանակում է, որ մարդը, որը ժամանակին եղել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը, կարող է իրեն թույլ տալ սահմաններն անցնել ու դիմացինի հասցեին հայհոյանքներ հնչեցնել։
«Ես հույս ունեմ, որ քննությունը շուտ կավարտվի, լուծումը կտրվի։ Խնդրանքս այն է, որ այդ ժամանակ այն լրատվամիջոցները, որոնք իմ հասցեին մեղադրանքներ էին հնչեցնում , կհերքեն իրենց տարածած տեղեկությունները»,- նշեց նա։
Ավետիք Բաբայանի փաստաբան Գարիկ Մալխասյանն էլ հայտնեց, որ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ոչ թե Ավետիք Բաբայանի կողմից Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու հետ կապված, այլ Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու հետ կապված։ Այսինքն, այս քրեական վարույթը ուղղակիորեն կապել Ավետիք Բաբայանի հետ, ճիշտ չէ։ Ավետիք Բաբայանն արդեն իսկ հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով։ Այսքանով այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ Ավետիք Բաբայանն այս վարույթի հետ այլևս առնչություն չունի։ Եթե հետագայում գործի քննության արդյունքներով ինչ-ինչ հանգամանքներ ի հայտ կգան, ինչը կարող է բերել նրան, որ Ավետիք Բաբայանին կարող են լրացուցիչ հարցադրումներ լինել, այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ։ Այս պահին կարող ենք ֆիքսել, որ քրեական վարույթը հարուցված է Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու փաստով, հաղորդագրությունը տարածվել է, և խնդրում ենք այս հանգամանքը հաշվի առնել»,- ասաց Մալխասյանը։