ՏՏ ոլորտի մասնաբաժինը պետական բյուջեի եկամուտներում կազմել է 7.6 տոկոս. ՊԵԿ նախագահի տեղակալ
2 րոպեի ընթերցում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը «State&Tech bridge» միջոցառման քննարկման ընթացքում անդրադարձավ ՏՏ ոլորտի զարգացմանը, հարկային արտոնություններին և վարչարարության բարեփոխումներին։
Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտը ոչ միայն տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, այլ նաև Հայաստանի մրցունակության և միջազգային հեղինակության կարևոր հիմքերից մեկը․
«Մեր նպատակն է ստեղծել հարկային այնպիսի վարչարարական միջավայր, որը կխթանի նորարարությունը, կդյուրացնի ներդրումները և կապահովի առողջ մրցակցային դաշտ։ Հարկային վարչարարությունը պետք է դիտվի ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես զարգացման կայուն հիմք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա։
Վրեժ Մխիթարյանը նշեց, որ ռիսկերի գնահատման համակարգի վերլուծություններով ՏՏ ոլորտը համեմատաբար ավելի ցածր ռիսկայնություն ունի, ուստի գործում են թեթևացված վարչարարական մոտեցումներ։ Միաժամանակ, պետական քաղաքականությունը միտված է վստահության և գործընկերության մթնոլորտի ձևավորմանը։
Նա ընդգծեց նաև ոլորտի դերը պետական բյուջեի եկամուտների ձևավորման գործում։
«2025 թվականի բյուջեի հավաքագրումներում ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմել է շուրջ 7․6 տոկոս։ Բացի հարկային մուտքերից, ոլորտը ապահովում է նաև բարձր վարձատրվող աշխատատեղեր, արտահանման աճ և ներդրումների ներգրավում»,- շեշտեց նա։
Ըստ ներկայացված տվյալների՝ միայն ծրագրային ապահովման մշակում և տեղեկատվական ծառայությունների ոլորտներում 2025 թվականի 7 ամիսներին գործել է մոտ 18 հազար աշխատատեղ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 1700-ով։
Նա վստահություն հայտնեց, որ պետության, բիզնեսի և գիտակրթական ոլորտի համատեղ աշխատանքը Հայաստանը կդարձնի տարածաշրջանային և միջազգային ՏՏ ներդրումների գրավիչ ուղղություն։