ՏՏ ոլորտի աջակցության ծրագրերով այս տարվա առաջին եռամսյակում տրամադրվել է ավելի քան 2 միլիարդ դրամ
2 րոպեի ընթերցում

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «State&Tech bridge» միջոցառման ընթացքում ներկայացրեց ոլորտի աջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նշեց, որ նախարարությունը այժմ գտնվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարության մշակման ամենակարևոր փուլում՝ շուկայի ուսումնասիրության և վերլուծության փուլում։
«Ձեր կարիքը մենք շատ ունենք, և ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։ Մենք ուղարկում ենք բազմաթիվ հարցումներ մասնավոր ընկերություններին, և խնդրում եմ ըմբռնմամբ մոտենալ այդ գործընթացին, որովհետև դրանք մեր ռազմավարության մշակման համար առանցքային են»,- ասաց նա։
Սիմոնյանը հիշեցրեց, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել երկու օրենքներ՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցության մասին և հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որոնք վերաբերում են հատկապես հետազոտության և զարգացման (R&D) ծրագրերին։
«Օրենքի մասով ունենք երեք հիմնական բաղադրիչ՝ նոր աշխատակիցներ, աշխատանքային միգրանտներ և վերապատրաստում։ Առաջին եռամսյակի ամփոփման արդյունքում ստացվել է 463 հայտ, որոնցից բավարարվել է 206 ընկերության դիմում։ Ընդհանուր տրամադրված գումարը կազմել է 2 միլիարդ 65 միլիոն դրամ»,-նշեց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ արդեն ընթացքի մեջ է երկրորդ եռամսյակի ամփոփումը, որը կավարտվի մինչև հոկտեմբերի 31-ը։ Այսպիսով, ՏՏ ոլորտի բոլոր ընկերությունները, որոնք նոր աշխատակիցներ են ընդունել կամ համապատասխանում են ծրագրի մյուս պարամետրերին, կստանան իրենց հասանելիք աջակցությունը։