ՔՊ-ում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային. վարչապետ
3 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում վերջին զարգացումներին՝ ընդգծելով, որ կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային։ Եթե դուք մասնակցեիք կուսակցության քննարկումներին, կտեսնեիք, որ դրանք միշտ տեղի են ունենում բուռն, սուր քաղաքական բանավեճի մթնոլորտում։ Ցավոք, լինում են դեպքեր, որ բանավեճի ընթացքում թույլատրելիի սահմանները անցնում ենք, այդ թվում նաև ես։ Այդպիսի դեպքերում գործում են կարգապահական գործընթացները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ կուսակցության վարչության վերջին արտահերթ նիստին հրավիրվել են բոլոր գործընկերները, մանրամասն քննարկում է տեղի ունեցել և եզրակացությունները մնացել են նույնը․
«Եթե ի հայտ գան նոր հանգամանքներ, որևէ խոչընդոտ չկա, որ այդ թեմային կրկին անդրադառնանք։ Կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով։ Բայց ուզում եմ ընդգծել, որ այդ խաղաղությունը երբեք ճահճային լռություն չի եղել և չի լինելու։ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այն քիչ կուսակցություններից է, որտեղ մշտապես կա բանավեճ և մրցակցային մթնոլորտ։ Մեր խնդիրն է այդ մթնոլորտը պահել առողջ և քաղաքական տրամաբանության շրջանակում»,- եզրափակեց Փաշինյանը։
2025 թվականի ապրիլին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ էր հարուցել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ։ Վարույթի արդյունքում Սարգսյանին հայտարարվել էր խիստ նկատողություն։
Նախքան այդ քվեարկությունը, Սարգսյանը դիմում էր ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, սակայն Վերահսկող հանձնաժողովը նման հիմքեր չէր գտել։ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել էր բացատրությունների համար, բայց վերջինս Հայաստանի տարածքում չէր գտնվել։
Կուսակցությունը հիշեցրել էր, որ կանոնադրության համաձայն՝ ՔՊ անդամները պարտավոր են քննարկումների ընթացքում ցուցաբերել հարգալից վերաբերմունք մյուս մասնակիցների նկատմամբ, և խախտումները կարող են հանգեցնել կարգապահական պատասխանատվության։
Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ իրավիճակը ծագել էր ԱԺ-ում Սարգսյանի ներկայացրած բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու նախագծի շուրջ, որին Ալեն Սիմոնյանը դեմ էր արտահայտվել։ Պատգամավորը տեղեկությունները ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է։