Քաղաքականություն

ՀՀ ԱԺ փոխնախագահը Չինաստանի պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանային մարտահրավերները

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահը Չինաստանի պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանային մարտահրավերները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հուեյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև բարեկամական խմբի անդամներ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Գեղամ Նազարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրերին և կարևորել հայ-չինական ջերմ ու բարեկամական հարաբերությունների խորացման հեռանկարները, ընդգծել երկկողմ բարձր մակարդակի այցելությունների ընդլայնումը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության ծավալի զգալի աճի միտումներին և փաստել, որ թե՛ առևտրատնտեսական, թե՛ էներգետիկ ոլորտներում առկա է չօգտագործված հսկայական ներուժ: Այս համատեքստում կարևորվել է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Հակոբ Արշակյանը խոսել է նաև տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի հետ կապերը խորացնելու անհրաժեշտության մասին: Այս առումով ընդգծվել է «Ինժեներական քաղաք» և «Ակադեմիական քաղաք» նախագծերում համագործակցության հնարավորությունը:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ նախագահի տեղակալը փաստել է, որ հայկական կողմը շահագրգռված է զարգացնելու գործակցությունը Չինաստանի հետ նաև բազմակողմ հարթակների շրջանակներում:

ԱԺ փոխնախագահը գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային մարտահրավերները, փաստել, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակին: Հակոբ Արշակյանի խոսքով՝ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպումն ու դրա արդյունքում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ընդունված եռակողմ հռչակագիրը լրջագույն զարգացում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում: Ընդգծվել է, որ դեռևս չլուծված են մնում հումանիտար հարցերը, մասնավորապես՝ 23 գերի շարունակում է գտնվել ադրբեջանական բանտերում:

Հյուրերին ներկայացվել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ Հակոբ Արշակյանի, կնպաստի տարածաշրջանի զարգացմանը:

Նշվում է, որ շնորհակալություն հայտնելով Հակոբ Արշակյանին Հայաստան այցի հրավերի համար՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահը մատնանշել է 2024 թվականին ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Չինաստան, ինչը, ըստ նրա, զգալի դերակատարություն է ունեցել հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Սու Հուեյի գնահատմամբ՝ 2025 թվականը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից հաջողված տարի էր. երկու երկրների ղեկավարները հայտարարեցին ռազմավարական գործընկերության օրակարգի մասին, որը համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի: Կարևորվել են խորհրդարանականների ակտիվ շփումները: Սու Հուեյը բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին և մի շարք այլ հարցերում:

Քննարկվել են մի շարք բնագավառներում համագործակցության խթանման ուղիները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում