Երևանում կոյուղատար և ջրահեռացման համակարգերի արդիականացման մեծածավալ աշխատանքներ են իրականացվում
4 րոպեի ընթերցում
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Երևանի 9 վարչական շրջանների 22 հասցեներում իրականացվում են կոյուղագծերի և ջրահեռացման համակարգերի վերակառուցման և կառուցման աշխատանքներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը շինարարական մի շարք տեղամասեր շրջայցից հետո։
«Բոլոր նախագծանախահաշվային փաստաթղթերը նախապես պատրաստված են եղել, իրականացվել են մրցույթներ, կնքվել պայմանագրեր։ Այժմ 22 հասցեներում աշխատանքները մեկնարկել են։ Ընդհանուր երկարությունը կազմում է 9,4 կիլոմետր։ Ընդգրկված են այն հասցեները, որոնց ընտրությունը կատարվել է հաշվի առնելով ցանցի մաշվածությունը, քայքայված վիճակը, բնակիչների բողոքները»,-ներկայացրեց Արեյանը։
Նրա տեղեկատվությամբ՝ վերակառուցման ու արդիականացման աշխատանքները հիմնականում բաժին են ընկել բազմաբնակարան շենքերի բակային ու միջբակային հատվածներին, բացառությամբ՝ Էրեբունի վարչական շրջանի Մուշական թաղամասի, որտեղ ընդհանրապես բացակայում է կոյուղատար ցանցը։
Ըստ խորհրդականի՝ մայրաքաղաքում նման հասցեներն 83-ն են եղել՝ ընդգրկելով 92 կիլոմետր երկարություն և 15 հազար բաժանորդ։ Արեյանը նշեց, որ վերջին երկու տարում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ մեկնարկել է չկոյուղացված թաղամասերում այդ համակարգի անցկացման ծրագիրը, որի շրջանակներում 11 հասցեներում արդեն մեծուփոքր ծավալի նոր կոյուղագծեր են կառուցվել, իսկ ևս մեկում աշխատանքները շարունակվում են։
Քաղաքապետի խորհրդականը մանրամասնեց, որ խոսքը Էրեբունի վարչական շրջանի Մուշական- Ջրաշեն թաղամասի հատվածում կոյուղատար ցանցի կառուցման մասին է, որն ամենախոշորն է նախորդների համեմատ՝ ունենալով 2,8 կիլոմետր երկարություն։
Մասնագիտական վերահսկողության առումով ծրագրերի իրականացմանն աջակցում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, որի հետ համաձայնեցվել են բոլոր նախագծերը։
Արեյանի գնահատմամբ՝ նշված ծավալի ծրագրերով մայրաքաղաքի կոյուղատար ցանցի խնդիրը չի լուծվի։
«Սրանք այն հասցեներն են, որոնք ընտրել ենք «Վեոլիա ջուր» ընկերության հետ՝ որպես անհետաձգելի, վթարավտանգ վիճակ պարունակող, բայց կոյուղատար ցանցի վերակառուցման, արդիականացման խնդիրը գլոբալ բնույթ ունի։ Հիմա մենք պլանավորել ենք մեր աշխատանքը․2026 թվականի համար արդեն պատվիրել ենք ևս 30 հասցեի կոյուղատար ցանցի կառուցման, վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը, որպեսզի պատրաստ լինենք՝ բյուջետային հնարավորությունների դեպքում իրականացնելու մրցույթ և շինարարություն»,-ներկայացրեց խորհրդականը՝ հավելելով, որ բացի այդ, քաղաքապետի հանձնարարությամբ տարեսկզբից արդեն նախապատրաստվել են 50 հասցեների մակերևութային ջրերի հեռացման համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը։
Ըստ այդմ՝ 52 կիլոմետր երկարությամբ այդ համակարգի կառուցման արժեքը կազմել է 10 միլիարդ դրամ։
«Երևանի բյուջեն չունի այդ հնարավորությունը, ուստի ներդրմանը մասնակցություն կունենան պետությունը, համայնքը և մասնավորը»,-ընդգծեց Արեյանը։
Նրա դիտարկմամբ՝ մայրաքաղաքում օրական միջինում գրանցվում է կոյուղու 400-450 վթար, ուստի խնդիրն արմատական լուծում է պահանջում՝ լուրջ կապիտալ ներդրումներով։
«Պետք հին համակարգը ամբողջությամբ փոխարինվի ժամանակակից և մեծ թողունակությամբ նոր համակարգով։ Լայնամասշտաբ աշխատանքների իրականացման կարիք կա։ Խնդիրը մնում է ֆինանսական ռեսուրսների ներգրավումը»,-շեշտեց քաղաքապետի խորհրդականը՝ աննախադեպ համարելով այն ցուցանիշը, որ համայնքային բյուջեն վերջին երեք տարիներին 2,8 միլիարդ դրամ ներդրում է կատարել կոյուղատար ցանցի բարելավման համար։