Հայաստան

«Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում ֆոտոթակարդներն արձանագրել են նոր ընձառյուծ

3 րոպեի ընթերցում

«Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում ֆոտոթակարդներն արձանագրել են նոր ընձառյուծ

Զանգակատուն գյուղի «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում տեղադրված ֆոտոթակարդները հոկտեմբերի 9-ին և 13-ին արձանագրել են նոր ընձառյուծի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բնության համաշպարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։

2025 թվականից ի վեր սա տարածքում գրանցված արդեն երկրորդ ընձառյուծն է։ Տարածքում կրկնապատկվել է նաև բեզոարյան այծերի թիվը։

Այս արդյունքները կարևոր ցուցանիշներ են համայնքահեն բնապահպանության արդյունավետության տեսանկյունից՝ ընդգծելով տեղական համայնքների և բնության պահպանությամբ զբաղվող մարդկանց դերը կենսաբազմազանության պահպանության գործում։

Ընձառյուծին անվանել են Աղասի՝ ի պատիվ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքի խնամակալ Աղասիի, որի տեղադրած ֆոտոթակարդներն արձանագրել են կենդանուն։ Աղասին տարածքի պահպանության աշխատանքներում ներգրավված է դրա հիմնադրման՝ 2018 թվականից ի վեր։ Նրա երկարամյա աշխատանքը տեղական մակարդակում բնության պահպանությանն ուղղված հետևողական ջանքերի կարևոր օրինակ է։

COP17-ի շրջանակում այս լուրի հրապարակումը ևս մեկ առիթ է ընդգծելու, որ կենսաբազմազանության պահպանության միջազգային նպատակները կյանքի են կոչվում նաև տեղական մակարդակում՝ համայնքների անմիջական մասնակցությամբ և երկարաժամկետ հետևողական աշխատանքով։ 

Համայնքային բնապահպանական տարածքներում արձանագրվող դրական փոփոխությունները վերաբերում են ոչ միայն ընձառյուծներին և բեզոարյան այծերին։ Համայնքային բնապահպանական այս տարածքի ստեղծման օրվանից ի վեր կրկնապատկվել է նաև գորշ արջերի թվաքանակը, ինչը ևս մեկ կարևոր ցուցանիշ է պահպանության շարունակական աշխատանքի արդյունքները գնահատելու համար։

«Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքը ստեղծվել է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» (Eco-Corridor Fund for the Caucasus, ECF) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է WWF-Հայաստանը՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։ Այն ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով։

Համայնքային բնապահպանական տարածքների ստեղծումն ու զարգացումը հնարավորություն են տալիս համատեղել բնական էկոհամակարգերի և վայրի կենդանիների պահպանությունը տեղական համայնքների ակտիվ մասնակցության հետ։ «Գնդասարում» արձանագրված արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են այս մոտեցման կարևորությունը Հայաստանում կենսաբազմազանության պահպանության համար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում