Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Վենեսուելային սպառնում է պատերազմով. Մադուրո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Վենեսուելային սպառնում է պատերազմով. Մադուրո

ԱՄՆ-ն Վենեսուելային սպառնում է պատերազմով, փորձում է զավթել նրա բնական հարստությունները և հաստատել խամաճիկային կառավարություն, հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն «Հանուն ինքնիշխանության և խաղաղության ազգային խորհրդի» նիստում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Այսօր մեր առջև ծառացած է Կարիբյան ավազանում Վենեսուելայի դեմ պատերազմի սպառնալիքը, ԱՄՆ-ն փորձում է զավթել մեր բնական հարստությունները և հաստատել խամաճիկային կառավարություն: Այդ սպառնալիքը կասեցնելու, չեզոքացնելու և այն հաղթելու համար անհրաժեշտ է միավորել Վենեսուելան՝ հաղթահարելով բոլոր հակասություններն ու տարաձայնությունները», - նշել է նախագահը նիստում, որը հեռարձակվել է Venezolana de Television հեռուստաալիքով: 

Մադուրոն նշել է, որ Վենեսուելան կդառնա ավելի ուժեղ, խաղաղ, ժողովրդավարական և միասնական երկիր։ 

Վենեսուելայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ երկիրը ենթարկվում է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից ամենալուրջ ներխուժման սպառնալիքին։ 

Reuters գործակալության  տվյալներով՝ օգոստոսի 19-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք էսկադրային ականակիր է ուղարկվել Կարիբյան ավազանի հարավային մաս՝ Վենեսուելայի ափերի մոտ՝ «թմրակարտելների դեմ գործողությունների իրականացնման համար»։ Բացի այդ, հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները տարածաշրջան է ուղարկել ատոմային սուզանավ, հրթիռակիր հածանավ, դեսանտային նավեր և 4 500 զինծառայող:

Վերջին օրերին ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում ոչնչացրել է երկու նավ՝ հայտարարելով, որ դրանք թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։ Այդ երկու գործողությունների հետևանքով զոհվել է 14 մարդ։ 

Վենեսուելայի արտգործնախարարությունն իր Telegram ալիքում հերքել է թմրանյութերի ապօրինի շրջանառության՝ Վաշինգտոնի մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում