4 րոպեի ընթերցում
Շիրակի մարզում վերակառուցվելու է Գյումրիի «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն՝ շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի ներդրմամբ։ Բուժհաստատությունը սպասարկում է մոտ 27 հազար բնակչի։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից, վերակառուցման ծրագիրը քննարկվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, նախարարի տեղակալներ Լևոն Հակոբյանը և Արտակ Ջումայանը։
Թիվ 2 պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1930-ականներին և ընդգրկվել է առողջապահական հաստատությունների արդիականացման ծրագրում։ Այն ունի հիմնանորոգման խիստ կարիք։ Պատասխանատուներն այցելել են շենք, ծանոթացել դրա վիճակին և քննարկել ծրագրի մեկնարկին առնչվող հարցերը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ պոլիկլինիկայի վերակառուցման նախագիծը ոլորտի կարևորագույն նախաձեռնություններից է։
«Ինձ համար առաջնահերթություն է պոլիկլինիկայի հնարավորինս շուտ վերանորոգումը։ Ներկայումս ընթանում են նախագծման աշխատանքներ, և քննարկվում է ժամանակավոր տեղափոխումը՝ Գյումրու նախկին Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենք։ Քննարկվում է նաև շտապօգնության կայանի և արյան բանկի ժամանակավոր տեղակայման հարցը։ Ընդհանուր առմամբ, մարզում իրականացվում են խոշոր ներդրումներ առողջապահության ոլորտում։ Արթիկում կառուցվում է հսկա կենտրոն, շարունակվում է Գյումրու ծննդատան շինարարությունը, և մի շարք ամբուլատորիաներ են նորոգվում»,-նշել է մարզպետը։
Նախարարը շրջել է նաև Շիրակի մարզի մի շարք այլ բուժհաստատություններում՝ ծանոթանալու կատարվող աշխատանքներին։
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ը, որտեղ ծանոթացել է բուժհաստատության պայմաններին։ Վերջերս կենտրոնը համալրվել է 5 մլն 300 հազար դրամ արժողությամբ նոր սոնոգրաֆիայի սարքով, որը կապահովի ավելի որակյալ ու հասցեական սպասարկում՝ շուրջ 20 հազար բնակչություն ունեցող 17 բնակավայրերի համար։
Առողջապահական ոլորտի պատասխանատուները եղել են նաև «Արթիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նորակառույց շինհրապարակում։ Ծրագիրը, որի բյուջեն շուրջ 3 մլրդ 90 մլն 762 հազար դրամ է, իրականացվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից։ Կենտրոնը կառուցվում է ժամանակակից չափանիշներով։ Շինարարությունը, որը մեկնարկել է 2024 թվականին, նախատեսվում է ավարտել 2027-ին։ Միայն 2025 թվականի պետական բյուջեից հատկացվել է 320 մլն դրամ։
Այցի ընթացքում նախարարն ու մարզպետն այցելել են նաև կենտրոնի գործող մասնաշենք, ինչպես նաև եղել են Ախուրյանի բժշկական կենտրոնում՝ ծանոթանալու սպասարկվող շուրջ 11 հազար բնակչության պայմաններին և քննարկելու հետագա ծրագրերը։
Աշխատանքային այցի շրջանակում պատասխանատուները եղել են նաև Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ում։ Վերջերս այստեղ տեղադրվել է նոր թվային ռենտգեն սարք՝ 13 մլն 625 հազար դրամ արժողությամբ։ Բացի այդ, առողջապահության նախարարությունը մարզպետարանի աշխատակազմի հետ համատեղ հատկացրել է 6 մլն 590 հազար դրամ՝ պոլիկլինիկայի հատակի և պատերի վերանորոգման համար։
Այցի ավարտին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ոլորտի պատասխանատու կառույցների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ ծրագրերը, նոր շինարարական աշխատանքների մեկնարկը և առաջիկա անելիքները։