Իսրայելի վարչապետը չի բացառել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված հարվածներն այլ երկրներում
2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի բացառել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ ուղղված հարվածներն այլ երկրներում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sky News-ից, այս մասին Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այն սկզբունքը, որ ահաբեկիչները չպետք է անձեռնմխելիություն ունենան, որտեղ էլ որ լինեն, ես չեմ սահմանել», - նշել է Իսրայելի վարչապետը։
ՀԱՄԱՍ-ին Դոհայում թիրախավորելու վերաբերյալ Նեթանյահուն նշել է, որ «Իսրայելը շարունակում է հստակեցնել Կատարին հասցված հարվածի վերջնական արդյունքները»։
Նրա խոսքով՝ այս հարձակման հիմնական արդյունքն, ամեն դեպքում, Իսրայելի բոլոր թշնամիներին ուղղված ազդանշան էր։
«Ես ձեզ կասեմ, թե ինչ հետևանքներ ունեցավ հարվածը։ Մենք ահաբեկիչներին ուղերձ հղեցինք. «Դուք կարող եք փախչել, բայց չեք կարող թաքնվել, մենք կհասնենք ձեզ»», - շեշտել է Իսրայելի վարչապետը։
ԱՄՆ դաշնակիցների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշումը Ռուբիոն որակել է որպես «մեծ մասամբ խորհրդանշական» որոշում, որը կայացվում է «ներքին քաղաքականության» պատճառով։
«Նրանց իրական ազդեցությունն այն է, որ դրանք ՀԱՄԱՍ-ին ավելի համարձակ են դարձնում…. Դա իրականում խոչընդոտ է հանդիսանում խաղաղության համար», - նշել է Ռուբիոն։
«Կարծում եմ՝ այս ամենը դժվարացնում է պատերազմի ավարտը», - հավելել է նա։
Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարված է հասցրել Կատարի մայրաքաղաքին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական հարձակման ժամանակ սպանվել է շարժման հինգ անդամ։
Հարձակումը դատապարտման է արժանացել ինչպես տարածաշրջանի, այնպես այլ երկրների կողմից։