«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ». Կամերային թատրոն վերադարձավ սիրված ներկայացումը

4 րոպեի ընթերցում

Երևանի կամերային թատրոնի «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը տևական դադարից հետո կրկին խաղացանկում է: Ինտրիգային վերնագրով ինտերակտիվ ներկայացման շնորհիվ հանդիսատեսը ևս դառնում է բեմադրության անմիջական մասնակիցն ու դերասանական հմտությունները բացահայտելու հնարավորություն ստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանի «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» պիեսի համանուն բեմադրությունն առաջին անգամ թատերասերներին է ներկայացվել հեղինակի բեմադրությամբ 2017 թվականին: Այս անգամ Երնջակյանն այն վստահել է թատրոնի երիտասարդ ռեժիսոր Դավիթ Աբրահամյանին:

Ռեժիսորի խոսքով՝ փորձել են ներկայացումն ավելի արդիականացնել՝ համահունչ այսօրվա իրականությանը:

Ներկայացման հերոսուհիներն են Էվա Խաչատրյանը, Էրմինա Զախարովան, Վիկտորյա Սահակյանը, Ժաննա Քոչարյանը։

Աբրահամյանը խոստովանում է՝ կանանց հետ աշխատելը բարդ էր և հաճելի, իսկ ներկայացումն ամբողջությամբ կատակ է: «Այն հանդիսատեսին հնարավորություն է տալիս տեսնել, թե կանայք ինչպես են ընկալում աշխարհը, մեկնաբանում այն, թե ինչպես են ցանկացած երևույթ իրենց շահեկան մատուցում: Ներկայացումը դիտելիս բազմաթիվ տղամարդիկ իրենց կողակիցներին են տեսնում բեմում: Մենք ստեղծել ենք կանանց հավաքական կերպարներ. չորս կին, և նրանցից յուրաքանչյուրը մի կնոջ տեսակ է: Պատահել է, որ ներկայացումից հետո տղամարդիկ մոտեցել են ու ասել, որ այս կամ այն կերպարը շատ նման է իր կնոջը»,- շեշտում է ռեժիսորը:

Նա վստահեցնում է՝ ներկայացումն առանց դահլիճում ներկա տղամարդկանց չի կարող կայանալ:

Պիեսի հերոսուհիները հուսահատ կանայք են, որոնք սկսում են ՀՀՖՇ շարժումը, որի միջոցով ցանկանում են փոխել աշխարհը, ցանկանում են, որ իրենց իրավունքները պաշտպանված լինեն, խոսքը՝ լսելի: Աբրահամյանն ընդգծում է՝ ներկայացումը ֆեմինիստական չէ, այն պարզապես կանանց յուրահատուկ մտածելակերպի մասին է:

Ըստ դերասանուհի Էվա Խաչատրյանի՝ իրականում կինն առանց տղամարդու և տղամարդն առանց կնոջ չեն կարող ապրել: «Կնոջն ու տղամարդուն պետք է դիտարկել որպես մեկ մարմին, եթե, իհարկե, գտնում ես իսկական սերը»,- շեշտում է նա:

Դերասանուհին պատմում է, որ Արա Երնջակյանն ի սկզբանե պիեսը գրել է մոնոներկայացման համար, բայց հետո այն բաժանել է մասերի: «Կանայք  բարձրացնում են հարցեր, որոնք միշտ տանջում են նրանց. թե ինչու շատ հարցերում տղամարդիկ առավելություններ ունեն և այլն: Հանդիսատեսը ծանոթանում է կանանց մտորումներին, զգացողություններին, թե ինչպես է կինը շոշափում աշխարհը, որքանով են կանայք տաք, գունավոր, սուր: Կինն ավելի իմպուլսիվ է, տաքարյուն, ամեն երևույթի ավելի զգացմունքային է մոտենում, քան տղամարդը, որը հիմնականում սառն է դատում»,- նշում է Էվան՝ ընդգծելով, որ այդ ամենը համեմված է երնջակյանական հումորով:

Դերասանուհին վստահ է՝ Արա Երնջակյանի բոլոր պիեսներն արդիական են  բոլոր ժամանակներում, բացառություն չէ նաև այս գործը:

Վիկտորյա Սահակյանը ներկայացումը սարկաստիկ է համարում: «Ըստ իս՝ հանդիսատեսը կհավատա մեզ, քանի որ մենք արդար խաղում ենք մեր դերերը, բայց ամենավերջում պարզ է դառնում, որ այդ ամենը խաղ էր, հումոր էր»,- ասում է Սահակյանն ու հավելում՝ ինքը կողմ է բնության օրենքներին, և կարծում է, որ տղամարդը շատ կարևոր դերակատարություն ունի կանանց կյանքում և առանց նրա կյանքն անհետաքրքիր, ձանձրալի և միապաղաղ կլիներ:

Դերասանուհու խոսքով՝ պետք չէ հեղափոխություն անել, փոխել բնության օրենքները, հարկավոր է պարզապես փոխըմբռնման միջոցով կարգավորել հարաբերությունները:

Ներկայացումը, որը վստահաբար չի մոռանա դահլիճում ներկա թատերասերը, հատկապես՝ տղամարդիկ, թատրոնի բեմում կլինի նաև սեպտեմբերի 19-ին և 20-ին:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ