«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ». Կամերային թատրոն վերադարձավ սիրված ներկայացումը
4 րոպեի ընթերցում

Երևանի կամերային թատրոնի «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը տևական դադարից հետո կրկին խաղացանկում է: Ինտրիգային վերնագրով ինտերակտիվ ներկայացման շնորհիվ հանդիսատեսը ևս դառնում է բեմադրության անմիջական մասնակիցն ու դերասանական հմտությունները բացահայտելու հնարավորություն ստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանի «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» պիեսի համանուն բեմադրությունն առաջին անգամ թատերասերներին է ներկայացվել հեղինակի բեմադրությամբ 2017 թվականին: Այս անգամ Երնջակյանն այն վստահել է թատրոնի երիտասարդ ռեժիսոր Դավիթ Աբրահամյանին:
Ռեժիսորի խոսքով՝ փորձել են ներկայացումն ավելի արդիականացնել՝ համահունչ այսօրվա իրականությանը:
Ներկայացման հերոսուհիներն են Էվա Խաչատրյանը, Էրմինա Զախարովան, Վիկտորյա Սահակյանը, Ժաննա Քոչարյանը։
Աբրահամյանը խոստովանում է՝ կանանց հետ աշխատելը բարդ էր և հաճելի, իսկ ներկայացումն ամբողջությամբ կատակ է: «Այն հանդիսատեսին հնարավորություն է տալիս տեսնել, թե կանայք ինչպես են ընկալում աշխարհը, մեկնաբանում այն, թե ինչպես են ցանկացած երևույթ իրենց շահեկան մատուցում: Ներկայացումը դիտելիս բազմաթիվ տղամարդիկ իրենց կողակիցներին են տեսնում բեմում: Մենք ստեղծել ենք կանանց հավաքական կերպարներ. չորս կին, և նրանցից յուրաքանչյուրը մի կնոջ տեսակ է: Պատահել է, որ ներկայացումից հետո տղամարդիկ մոտեցել են ու ասել, որ այս կամ այն կերպարը շատ նման է իր կնոջը»,- շեշտում է ռեժիսորը:
Նա վստահեցնում է՝ ներկայացումն առանց դահլիճում ներկա տղամարդկանց չի կարող կայանալ:
Պիեսի հերոսուհիները հուսահատ կանայք են, որոնք սկսում են ՀՀՖՇ շարժումը, որի միջոցով ցանկանում են փոխել աշխարհը, ցանկանում են, որ իրենց իրավունքները պաշտպանված լինեն, խոսքը՝ լսելի: Աբրահամյանն ընդգծում է՝ ներկայացումը ֆեմինիստական չէ, այն պարզապես կանանց յուրահատուկ մտածելակերպի մասին է:
Ըստ դերասանուհի Էվա Խաչատրյանի՝ իրականում կինն առանց տղամարդու և տղամարդն առանց կնոջ չեն կարող ապրել: «Կնոջն ու տղամարդուն պետք է դիտարկել որպես մեկ մարմին, եթե, իհարկե, գտնում ես իսկական սերը»,- շեշտում է նա:
Դերասանուհին պատմում է, որ Արա Երնջակյանն ի սկզբանե պիեսը գրել է մոնոներկայացման համար, բայց հետո այն բաժանել է մասերի: «Կանայք բարձրացնում են հարցեր, որոնք միշտ տանջում են նրանց. թե ինչու շատ հարցերում տղամարդիկ առավելություններ ունեն և այլն: Հանդիսատեսը ծանոթանում է կանանց մտորումներին, զգացողություններին, թե ինչպես է կինը շոշափում աշխարհը, որքանով են կանայք տաք, գունավոր, սուր: Կինն ավելի իմպուլսիվ է, տաքարյուն, ամեն երևույթի ավելի զգացմունքային է մոտենում, քան տղամարդը, որը հիմնականում սառն է դատում»,- նշում է Էվան՝ ընդգծելով, որ այդ ամենը համեմված է երնջակյանական հումորով:
Դերասանուհին վստահ է՝ Արա Երնջակյանի բոլոր պիեսներն արդիական են բոլոր ժամանակներում, բացառություն չէ նաև այս գործը:
Վիկտորյա Սահակյանը ներկայացումը սարկաստիկ է համարում: «Ըստ իս՝ հանդիսատեսը կհավատա մեզ, քանի որ մենք արդար խաղում ենք մեր դերերը, բայց ամենավերջում պարզ է դառնում, որ այդ ամենը խաղ էր, հումոր էր»,- ասում է Սահակյանն ու հավելում՝ ինքը կողմ է բնության օրենքներին, և կարծում է, որ տղամարդը շատ կարևոր դերակատարություն ունի կանանց կյանքում և առանց նրա կյանքն անհետաքրքիր, ձանձրալի և միապաղաղ կլիներ:
Դերասանուհու խոսքով՝ պետք չէ հեղափոխություն անել, փոխել բնության օրենքները, հարկավոր է պարզապես փոխըմբռնման միջոցով կարգավորել հարաբերությունները:
Ներկայացումը, որը վստահաբար չի մոռանա դահլիճում ներկա թատերասերը, հատկապես՝ տղամարդիկ, թատրոնի բեմում կլինի նաև սեպտեմբերի 19-ին և 20-ին: