Միացյալ Նահանգներ

Մադուրոն Կարիբյան ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայումն ագրեսիա է անվանել Վենեսուելայի դեմ

3 րոպեի ընթերցում

Մադուրոն Կարիբյան ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայումն ագրեսիա է անվանել Վենեսուելայի դեմ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարիբյան ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայումն ագրեսիա է անվանել Բոլիվարյան Հանրապետության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Venezolana de Television հեռուստաալիքի «Մադուրոյի հետ պլյուս» հաղորդման ժամանակ Վենեսուելայի նախագահն ասել է, որ միջազգային լրատվական գործակալությունները «պնդում են, թե Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերություններ են, բայց ճիշտ արտահայտությունն ագրեսիան է, այլ ոչ թե լարվածությունը»։

Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ տեղակայել է 8 ռազմանավ, 1200 հրթիռ և ատոմային սուզանավ՝ «նշանակետի տակ պահելով խաղաղ ժողովրդին, որը պետք է դողա»։ «Իրոք, այս ժողովուրդը դողում է, բայց վրդովմունքից, զայրույթից, ազգայնականությունից և հայրենասիրությունից», - եզրափակել է Մադուրոն։ 

Նա ընդգծել է, որ «ժողովուրդը և Բոլիվարյան ազգային զինված ուժերը (FANB) կպաշտպանեն Վենեսուելայի տարածքային ամբողջականությունը, խաղաղությունը և ապագան»։ 

Վենեսուելայի առաջնորդը բարձր է գնահատել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների միության (CELAC) հայտարարությունը, որում լուրջ մտահոգություն է արտահայտվել Կարիբյան ավազանի հարավային մասում ԱՄՆ ռազմանավերի տեղակայման կապակցությամբ, ինչը խախտում է 2014 թվականին  այդ տարածաշրջանում հայտարարված Խաղաղության գոտին: 

Reuters գործակալության տվյալներով՝ օգոստոսի 19-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք էսկադրային ականակիրներ (USS Gravely, USS Jason Dunham և USS Sampson) ուղարկվել են Կարիբյան ավազանի հարավային մաս՝ Վենեսուելայի ափերի մոտ, «թմրակարտելների դեմ պայքարի գործողություններ իրականացնելու համար»: Կարիբյան ծով են տեղափոխվել նաև USS Newport News ատոմային սուզանավը, USS Lake Erie հրթիռակիր հածանավը, դեսանտային նավեր և 4500 զինծառայող: 

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը Վենեսուելային մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար պայքարի մեջ, հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը միջազգային ջրերում գործողության ընթացքում ոչնչացրել են թմրանյութերով բեռնված նավ, ինչպես նաև վենեսուելական թմրակարտելի 11 անդամի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում