Հայաստան

Երևանում տեղի ունեցավ կլոր սեղանի ձևաչափով քննարկում հայրենադարձության արդի հիմնահարցերի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Երևանում տեղի ունեցավ կլոր սեղանի ձևաչափով քննարկում հայրենադարձության արդի հիմնահարցերի վերաբերյալ

 «Հայրենադարձության շաբաթ» խորագրով միջոցառումների շրջանակում Երևանում տեղի ունեցավ կլոր սեղանի ձևաչափով քննարկում «Հայրենադարձության արդի հիմնահարցերը» թեմայով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկած  «Հայրենադարձության շաբաթ»-ը կտևի սեպտեմբերի 8-12-ը։ 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ հայրենադարձության արդի հիմնահարցերի շուրջ քննարկմանը մասնակցում են համապատասխան ծրագրեր իրականացնող ավելի քան 25 գործընկեր, այդ թվում՝ գիտահետազոտական հիմնարկներ, փորձագետներ  ու կազմակերպություններ Հայաստանից ու Սփյուռքից։

 

«Քննարկման արդյունքում՝ համապատասխան եզրակացություններ կանենք և, ինչու ոչ՝ առաջարկների դեպքում գուցե մշակենք համատեղ նոր ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտին։ Անշուշտ, պետական միջոցառումներ ու ծրագրեր կան, բայց դրանք բոլորս գիտենք, որ բավարար չեն և ցանկացած նոր միջոցառում կգա օգնելու պետության կողմից հատկացված բյուջեով միջոցառումների շարքի համալրմանը»,-ասաց Ալեքսանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունելով ներկաներին, կարևորեց հանդիպումը, որի արդյունքում ակնկալվում է միավորել ջանքերը հայրենադարձության ուղղությամբ աշխատանքներն էլ ավելի բարելավելու համար։

«Այն, ինչ մենք կարող ենք անել պետական ռեսուրսներով, այնուամենայնիվ, շատ սահմանափակ է և այն բացը, որը ձևավորվում է դրա արդյունքում, դուք եք լրացնում։ Ձեր ծառայությունների, աջակցության շնորհիվ մենք կարողանում ենք շատ ավելին անել քան կարող էինք»,-նշեց Սինանյանը՝ հույս հայտնելով, որ այդ աշխատանքները շարունակական կլինեն։

Այնուհետև՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրեց հայրենադարձության ուղղությամբ գրասենյակի գլխավոր ծրագրերը, ինչպես նաև վերջին երկու տարիներին արձանագրած ցուցանիշները։

Քննարկմանը մասնակցող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչները նույնպես ներկայացրեցին հայրենադարձության ոլորտում նախկին և ընթացիկ ծրագրերը, որին հաջորդեց համատեղ քննարկումը խնդիրների լուծման շուրջ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում