Սևան համայնքի Դդմաշեն գյուղում կկառուցվի խաղային հրապարակ
2 րոպեի ընթերցում

Սևան համայնքում իրականացվում է «Մասնակցային բյուջետավորման» գործընթացը, որի շրջանակներում Դդմաշեն գյուղում կկառուցվի խաղահրապարակ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի առաջարկ-նախագծերի ներկայացման փուլին հաջորդել է քվեարկության փուլը:
Մեկ ամիս շարունակ Սևան համայնքի բնակիչները հնարավորություն են ունեցել առցանց քվեարկելու իրենց նախընտրած ծրագրի օգտին:
Քվեարկության արդյունքում ամենաշատ հավանումները ստացել են «Փոքրիկների երազանք» խաղահրապարակի կառուցումը Սևան քաղաքում, «Խաղային հրապարակի կառուցումը Դդմաշեն գյուղում» ծրագրային առաջարկները։
Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում նախատեսված խաղահրապարակի կառուցման համար համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթի արդյունքները հայտնի են: Օրեր անց մրցույթը շահած կազմակերպությունը՝ «ԼԵՎ ՇԻՆ» ՍՊԸ-ն, Դդմաշեն բնակավայրում կսկսի շինարարական աշխատանքները:
Սևան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի 2025 թվականին բյուջեից հատկացվել է 10 միլիոն դրամ՝ մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
Դդմաշեն բնակավայրի խաղային հրապարակի կառուցման աշխատանքների համար տրամադրվելու է 5 միլիոն 220 հազար դրամ: