Հայաստան

Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ

4 րոպեի ընթերցում

Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի մանկաբուժության ոլորտի համար նշանակալի իրադարձություն. ստորագրվեց «Ուիգմոր»-ի և ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի հետ համագործակցության երկրորդ փուլի հուշագիրը։

Համագործակցության նպատակը Հայաստանի մանկական առողջապահության զարգացումն է՝ բժիշկների մասնագիտական փորձի փոխանակման և վերապատրաստման, ինչպես նաև բուժքույրական կրթության և որակի՝ միջազգային ստանդարտներ ներդնելու միջոցով։ 

«Ուիգմոր»-ի և Valley Children’s-ի համագործակցությունը պաշտոնապես մեկնարկեց 2023 թվականի նոյեմբերին՝ միջազգային հուշագրի ստորագրումով։ Հուշագրի ստորագրումից ի վեր ութ մասնագիտական փոխայցելություն է իրականացվել հիվանդանոցների միջև՝  ներառյալ ԱՄՆ-ի գործընկերների երկու այցերը Հայաստան։

Հիմնվելով հաջողված առաջին փուլի վրա՝ հաստատությունները մեկնարկում են համագործակցության երկրորդ փուլը՝ խորացնելով և ընդլայնելով թիրախային ուղղությունների զարգացումը։ 

Լրագրողների հետ զրույցում «Ուիգմոր Գրուփ»-ի հիմնադիր տնօրեն Զավեն Քոլոյանը նշեց, որ երբ որոշեցին մանկական հիվանդանոց կառուցել, նպատակն էր ստեղծել նմանը չունեցող, միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոն, ինչը մեծ պատվով իրականացվեց։

«Մեր նպատակն անփոփոխ է՝ վստահելի և անվտանգ բուժօգնությունը իրական դարձնել Հայաստանում յուրաքանչյուր երեխայի համար։ Հենց այս տրամադրվածությամբ էլ մեկնարկում ենք համագործակցության երկրորդ փուլը՝ խորացնելով և ընդլայնելով թիրախային ուղղությունների զարգացումը»,- ասաց Քոլոյանը։

Նրա հավաստմամբ՝ հիվանդանոցի ստեղծման ավելի երկարաժամկետ և կարևոր նպատակն է շարունակաբար զարգացնել և պահպանել «ուիգմորական» բժշկության որակը, և այդ հարցում իրենց օգնության եկան ԱՄՆ-ի գործընկերները։  

Valley Children’s Healthcare-ի Առողջապահության հանձնաժողովի նախագահ Մայքլ Հենսընն իր հերթին նշեց, որ նման համագործակցության կարևորությունն ինչպես Valley Children’s-ի, այնպես էլ «Ուիգմոր»-ի համար նվիրվածությունն է երեխաներին, որովհետև չկա ավելի թանկ բան, քան փոքրիկների առողջությունը։

 

«Այսօրվա արարողությանը մենք լսեցինք արդեն իսկ գրանցված մեծ առաջընթացի և շատ հավակնոտ նպատակների մասին, որոնք ինձ անկեղծորեն հիացրին։ Valley Children’s-ում մենք մշտապես ձգտում ենք որակի շարունակական բարելավման, և այս համատեքստում «Ուիգմոր»-ում իրականացվող աշխատանքն իրապես տպավորիչ է։ Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել այս ամենին և աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնց կարիքը երկիրը կենսականորեն ունի։ Սա մեզ համար պարզապես համագործակցություն չէ, այլ բարոյական պարտավորություն»,- ասաց Հենսընը։

Valley Children’s Healthcare-ի  Հիվանդանոցի կառավարման հանձնաժողովի նախագահ Հոզե Էլգոռիագան էլ հավելեց, որ իրենք հնարավորություն ունեն կիսվելու գիտելիքով, բժիշկների փորձառությամբ ու կառավարման մշակույթով։

«Մեր նապատակն է աջակցել առողջապահության զարգացմանը և ապահովել ճիշտ ուղղություն»,- ընդգծեց Էլգոռիագան։

«Ուիգմոր Գրուփ»-ի կառավարման հանձնաժողովի նախագահ Բեդրոս Եղիայանն իր հերթին նշեց, որ տվյալ համագործակցության կարևոր մասը կրթական բաղադրիչն է։

«Այդ շրջանակում կարող ենք ապահովել մեր բժիշկների, ադմինիստրատիվ թիմի և հատկապես բուժքույրական անձնակազմի շարունակական կրթությունը»,-ասաց Եղիայանը։ 

Համագործակցության սկզբից արդեն հինգ մասնագիտական խումբ է մեկնել Valley Children’s վերապատրաստման, իսկ այս օրերին Հայաստանում ընթանում է ԱՄՆ-ի հիվանդանոցի երրորդ մասնագիտական այցը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում