Իրավունք

Դատարանում պետտուրքի վճարումը կհետաձգվի որոշակի հայցերով դիմած քաղաքացիների համար

2 րոպեի ընթերցում

Դատարանում պետտուրքի վճարումը կհետաձգվի որոշակի հայցերով դիմած քաղաքացիների համար

Իրենց հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով դատարան դիմած քաղաքացիների համար պետական տուրքի վճարումը կհետաձգվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: 

«Առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում նախատեսել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում՝ հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառած ոչ նյութական վնասի հատուցման հայցերով, եթե նախաքննական մարմինը՝ դատախազը կամ դատարանը, հաստատել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման գործողության կամ անգործության հետևանքով իրավունքի խախտման փաստը»,-ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ նախագծով հիմնարար իրավունքների շրջանակը կանխորոշվել է՝ հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն իրավունքների շրջանակը, որոնց պետության համար խախտման դեպքում նախատեսվում է ոչ նյութական վնասի հատուցում: Դրանք են կյանքի իրավունք, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկելու իրավունքը, անձնական ազատության, անձեռնմխելիության իրավունքը և այլն:

«Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի պետության կողմից պատճառած ոչ նյութական վնասի հատուցման հայցերով կառուցակարգ սահմանել՝ արդար դատաքննության իրավունքի մաս կազմող դատարանների մատչելիության իրավունքի լիարժեք իրացման համար: Այսպիսով լրացուցիչ երաշխիք ենք նախատեսում՝ անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման համար՝ հնարավորություն տալով հայց ներկայացնել՝ առանց հայց ներկայացնելու պահին վճարում կատարելու կաշկանդվածության»,-նշեց փոխնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում