Մարզեր

Գեղամավանում կառուցվում է խմելու ջրի խորքային հոր, վերակառուցվում՝ ջրատար ներքին ցանցը

2 րոպեի ընթերցում

Գեղամավանում կառուցվում է խմելու ջրի խորքային հոր, վերակառուցվում՝ ջրատար ներքին ցանցը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրի խորքային հոր, վերակառուցվում՝ խմելու ջրատար ներքին ցանցը։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղամավանի խորքային հորի կառուցման և խմելու ջրատար ներքին ցանցի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 37 միլիոն 770 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ 

Աշխատանքները ներառում են 3251 գծամետր ջրագծի վերակառուցման և խորքային հորի կառուցման բաղադրիչներ: Շինաշխատանքների ընթացքում կկառուցվի խորքային հորի սանիտարական գոտու ցանկապատ: 

Ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի կանխել ջրի առկա կորսուստները, վերակառուցել ներհամայնքային ջրագծերը, ինչպես նաև վերակառուցել ՕԿՋ-ից մինչև բնակավայրի մի քանի փողոց տանող ջրագծերը, որոնց վրա նախատեսվում է նաև դիտահորի կառուցում: 

Գեղամավանում իրականացվող ծրագրի կապալառուն «ԱՍ-777» ՍՊԸ-ն է:

«Կենսական նշանակություն ունեցող այս ենթածրագրի շնորհիվ հնարավոր կլինի լուծել բնակավայրում տասնամյակներով առկա առաջնահերթություն ներկայացնող խնդիրը, որը նպաստելու է բնակիչների կյանքի որակի և կենցաղավարության բարելավմանը»,-հավաստեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում