Վարդենիս համայնքի 500 առաջին դասարանցի ստացել է պայուսակ՝ գրենական պիտույքներով
1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքում առաջին դասարան հաճախող 500 դպրոցական ֆրանսիական «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» բարեգործական կազմակերպության կողմից նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում ստացել է պայուսակներ և գրենական պիտույքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, կազմակերպության ներկայացուցիչները Վարդենիս համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ մասնակցել են դպրոցական միջոցառումներին՝ հանձնելով դպրոցականների նվերները։
Վարդենիս քաղաքի և բոլոր բնակավայրերում գործող 32 հանրակրթական դպրոցների առաջին դասարանցներին ողջույնի խոսք են հղել համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» Ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Լուսինե Մելիքյանը։
Շնորհավորելով բոլոր աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին՝ հյուրերը մաղթել են խաղաղ երկինք, ամուր առողջություն, գիտելիքների անսպառ պաշարի ձեռքբերում, անմնացորդ նվիրում հայրենիքին։
Ծրագրի շահառու հանդիսացող առաջին դասարան հաճախող շուրջ 500 երեխաներից յուրաքանչյուրը ստացել է գեղեցիկ դպրոցական պայուսակ՝ լի անհրաժեշտ ու որակյալ գրենական պիտույքներով: