Մեկնարկել են Մարտունի քաղաքի Մյասնիկյան և Երևանյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները
3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում սկսվել են Մյասնիկյան և Երևանյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքները կատարվում են ՀՀ պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 677 միլիոն 777 հազար դրամ։
Ծրագրով նախատեսված է Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների փողոցների առանձին հատվածների հիմնանորոգում՝ 1,7 կիլոմետր երկարությամբ, ջրահեռացման ներքին և արտաքին ցանցերի կառուցում, մայթերի սալիկապատում, մուտքերի և իջատեղերի ասֆալտապատում, գծանշում և կահավորում։ Կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ՝ 18 հազար 500 քմ մակերեսով։ 4400 քմ ասֆալբետոնե շերտ էլ կտեղադրվի մուտքերում և իջատեղերում։
Մյասնիկյան փողոցում հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն կինոթատրոնի շենքից մինչև երաժշտական դպրոցի խաչմերուկ ընկած հատվածում, Երևանյան փողոցում՝ ոստիկանության շենքից մինչ Ախթամարի արձանի խաչմերուկ ընկած հատվածում։
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի նախաձեռնությամբ օգոստոսի 29-ին Մարտունու համայնքապետարանում տեղի է ունեցել քաղաքի Մյասնիկյան և Երևանյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հանդիպում-քննարկում։
Հանդիպմանը մասնակցել են վերոնշյալ փողոցների հիմնանորոգման գործում դերակատարություն ունեցող կազմակերպությունների՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծողներ, ենթակառուցվածքների սպասարկման պատասխանատուներ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի ոլորտային մասնագետներ։
Քննարկման ընթացքում հստակեցվել են էլեկտրասնուցման հոսանքագծերի, հեռախոսակապի և համացանցի մալուխների ստորգետնյա անցուղիներով տեղափոխման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, դիտահորերի կամ դրանց կափարիչների փոխարինման, մայթերի կառուցման, սալարկման, կանաչապատման, եզրաքարերի տեղադրման, նոր լուսավորության ցանցի կառուցման, երթևեկելի հատվածների ասֆալտապատման գործընթացները։
Քննարկումների արդյունքում սահմանվել են փոխհամաձայնեցված աշխատանքների ձևաչափերը, առաջնահերթությունները, բաշխումն ու ժամկետները։
Համայնքի ղեկավարը հորդորել է ներկաներին՝ ստանձնած աշխատանքները կատարել որակյալ և ժամանակին, շինհրապարակը պահել մաքուր, իսկ հիմնանորոգվող փողոցների որոշ խաչմերուկներ միշտ պահել երթևեկելի։
Սեպտեմբերի 2-ից տրվել է աշխատանքների մեկնարկը․ Մյասնիկյան փողոցի հյուսիսային սկզբնակետից սկսվել է կոյագծերի, դիտահորերի արդիականացման գործընթացը։