Շինարարության ավարտից հետո երաշխիքային ժամկետում խնդիրներ ի հայտ գալու դեպքում կապալառուները պարտավոր են շտկել դրանք. Քաղաքաշինության կոմիտե

3 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է կապալառու կազմակերպություններին կատարել շինարարական ծրագրերի ավարտից հետո ստանձնած պարտավորությունները, և եթե երաշխիքային ժամկետում ի հայտ կգան խնդիրներ՝ վերացնել դրանք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հակառակ դեպքում կառույցը կկիրառի օրենքով նախատեսված ողջ գործիքակազմը: 

«Արմավիրի N 8 հիմնական և Սարդարապատի, Շահումյանի ու Փշատավանի միջնակարգ դպրոցների մարզադահլիճների շինարարությունն իրականացրած կապալառու ընկերության նկատմամբ Քաղաքաշինության կոմիտեն սկսել է պայմանագրի ավարտից հետո երաշխիքային ժամկետում հայտնաբերված թերությունների վերացմանն ուղղված ծախսի փոխհատուցման գումարի գանձման գործընթաց:

Գրավոր և բանավոր բազմաթիվ զգուշացումներից հետո ընկերությունն այդպես էլ չի վերացրել ի հայտ եկած խնդիրները, ինչն արձանագրվել է օրեր առաջ կատարված շրջայցի ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Կոմիտեն հիշեցնում է՝ շինարարական ծրագրերը չեն եզրափակվում շինարարության ավարտով. երաշխիքային ժամկետում շինարարներն անհրաժեշտ աշխատանքներ կատարելու պատասխանատվություն են ստանձնել։ Ուստի, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված շինարարական ծրագրերի մոնիթորինգը շարունակական է լինելու, որպեսզի շահագործման ընթացքում ծագող հարցերն արագ կարգավորվեն։

«Կոմիտեն ձգտում է գործընկերային միջավայր ձևավորել ծրագրերն իրականացնողների համար, սակայն վճռական է լինելու այս մոտեցումը փոխադարձաբար չընդունող և իրականացրած շինարարության որակի համար պատասխանատվություն չստանձնող ընկերությունների նկատմամբ, քանի որ առաջին տեղում աշակերտների և ուսուցիչների անվտանգությունն ու հարմարավետությունն են»,-այցի ընթացքում ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:

Շրջայցը շարունակվել է նաև Արմավիրի և Արագածոտնի մարզերում ավարտական փուլում գտնվող շինարարական ծրագրերի շինհրապարակներ: Մասնավորապես` Նորավանում Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ կառուցվում է 144 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզ։ Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, ընթանում է կահավորումը։ Եղիազար Վարդանյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակի և տեմպի վերաբերյալ։

Արագածոտնի մարզում Կոմիտեի ղեկավարը հետևել է նախորդ այցի ընթացքում Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոններում արձանագրված մի քանի թերությունների շտկմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև դիտարկել կահավորման ընթացքը։
Վերջին կանգառը Լուսակնում էր, որտեղ կառուցվում է 144 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի դպրոց։ Դիտարկվել է նախորդ այցից հետո ծրագրի առաջընթացը։ Նախորդ կապալառուի հետ պայմանագիրը խզելուց հետո շինարարությունը որակով ավարտին հասցնելու նպատակով ներգրավվել է շինարարական նոր ընկերություն։ Ակտիվ ընթացանում են ավարտական փուլի աշխատանքները։

Հայերեն

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

Բայանդուրում բնակավայրում կառուցվում է նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ով մեկնարկեց Գյումրիի դրամատիկական թատրոնի 161-րդ թատերաշրջանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. օգոստոս, 2026