Լոս Անջելեսում սեպտեմբերի 12-ին կկայանա «Նախնիների կանչը» երաժշտական-թատերական ներկայացման պրեմիերան
5 րոպեի ընթերցում
Լոս Անջելեսի Greek Theatre բեմում սեպտեմբերի 12-ին կկայանա «Նախնիների կանչը» (Echoes of Our Ancestors) երաժշտական-թատերական ներկայացման պրեմիերան։
Նախագծի գեղարվեստական, պրոդյուսեր Արման Նշանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է՝ ցանկանում է, որ հանդիսատեսը վերարժևորի հայկական մշակույթի և ժառանգության կարևորությունը։
Նրա խոսքով՝ հայերի ուժեղ կողմերից մեկն է տարբեր միջավայրերին արագ հարմարվելու ունակությունը, սակայն երբեմն այդ ճանապարհին ընդունում են նաև այլ մշակույթներ՝ որպես իրենցը։
««Նախնիների կանչը» հարգանքի տուրք է մեր ինքնությանը, մշակույթին և պատմությանը։ Այս երաժշտական-թատերական ներկայացման միջոցով ցանկանում եմ հիշեցնել, թե ովքեր ենք մենք, պահպանել մեր մշակույթը, զարգացնել և առաջ մղել այն։ Նախագծին նվիրել եմ ամբողջ սիրտս ու հոգիս և անհամբերությամբ սպասում եմ հանդիսատեսին ներկայացնել ամիսների ընթացքում արված քրտնաջան աշխատանքը։ Մեր մշակութային ժառանգությունը ցանկանում ենք աշխարհին ներկայացնել այնպես, որ այդ երեկոն դառնա հզոր, զգացմունքային և անմոռանալի։ Այս նախագիծը մեր արմատները փառաբանելու մասին է՝ միևնույն ժամանակ ներշնչելով հպարտություն և միասնություն ապագա սերունդների համար»,- ասել է Արման Նշանյանը։
Բեմում հանդես կգան տարբեր ոճերի և ժանրերի արտիստներ․ ընտրությունը կատարվել է ոչ միայն երաժշտական վարպետության, այլև պատմական ժամանակաշրջաններ, արժեքներ և խորհրդանիշներ մարմնավորելու կարողության հիման վրա։ Արտիստները հանդես կգան ոչ թե որպես կատարողներ, այլ որպես դերակատարներ, որոնք երաժշտական մեկնաբանությամբ կպատմեն տվյալ ժամանակաշրջանի պատմությունը։
Մասնակցում են՝ Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Սեբուն, Գառնիկ Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Իզաբել Բայրաքթարյանը, Բարսեղ Թումանյանը, Նունե Եսայանը, Նազենի Հովհաննիսյանը, Արմեն Մովսիսյանը, Բերջ Կարազյանը, Սուրեն Առուստամյանը, Լյուդվիգ Իսպիրյանը, «Հայկյան» երգչախումբը, «Զվարթնոց» պարային համույթը և այլք։ Գլխավոր դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը։
«Ներկայացման մասնակիցներն ընտրվել են ոչ միայն իրենց երաժշտական վարպետությամբ, այլև ըստ նրանց կարողության՝ մարմնավորելու պատմական ժամանակաշրջաններ, արժեքներ և խորհրդանիշներ։ Հենց այդ բազմազանությունն էլ կարևոր էր մեզ համար․ մեզ պետք չէին միատեսակ արտիստներ։ Նրանք բեմում պատմություն են ներկայացնելու։ Echoes of Our Ancestors-ը սովորական համերգ չէ․ այն համադրում է մյուզիքլի, թատերական և պատմական ներկայացման տարրերը՝ ստեղծելով սինթեզ, որտեղ երաժշտությունն ու պատմությունը միահյուսվում են: Մենք ներկայացնելու ենք հայոց պատմության 20 կարևոր իրադարձությունները»,-հավելել է Նշանյանը։
Ներկայացումը ներառում է սիմֆոնիկ և ազգային նվագախումբ, LED էկրաններ և տեսաշարեր, ժամանակակից և ավանդական պարային բեմադրություններ։
«Մեծ հաջողություն է հայոց պատմությունը ներկայացնել հենց Greek Theatre-ի բեմից։ Սա աշխարհի ամենահայտնի ամֆիթատրոններից մեկն է։ Երբեք չեմ կասկածել, որ այս ներկայացումը պետք է կայանա հենց այդ բեմում։ Սկզբից մինչև վերջ մեր տեսլականն անփոփոխ է եղել․ այն պետք է ներկայացվի բացօթյա բեմում՝ աստղերի տակ։ Այս պատմությունը պետք է հնչի ազատ երկնքի ներքո՝ որպես հարգանքի տուրք մեր նախնիներին, ինչպես հնագույն բալադները՝ բնական հնչողությամբ ու լայն տարածքում»,-ընդգծել է Նշանյանը։
Նախագիծը պրեմիերայից հետո կշարունակի իր շրջագայությունը՝ Երևանում, Կանադայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հարավային Ամերիկայում և Նյու Յորքում։ Հայ հանդիսատեսին այն կներկայացվի բացօթյա և անվճար ձևաչափով: Նախագիծն իրականացվում է People of Our Cultural Foundation-ի հովանու ներքո, որի հիմնական առաքելությունն է պահպանել, զարգացնել և սերունդներին փոխանցել հայկական մշակույթը՝ որպես ազգային դիմակայության կարևորագույն բաղադրիչ։