Մակրոնն Էրդողանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումը Վաշինգտոնում
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է միջազգային օրակարգի տարբեր հարցեր, այդ թվում՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած հանդիպումը, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի մասին Մակրոնը մանրամասներ է հայտնել X սոցիալական հարթակի իր էջում:
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համատեքստում Մակրոնը կարևոր է համարել սահմանների վերաբացումը:
«Մենք նաև քննարկեցինք օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև կազմակերպված հանդիպման արդյունքում առաջացած հույսը։ Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի, ինչը հնարավորություն կտա վերաբացելու բոլոր սահմանները և ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը», - գրել է Մակրոնը։
Նա նաև նշել է, որ Էրդողանի հետ կիսում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած պատերազմի դադարեցման նպատակը:
«Դա պետք է ներառի ռազմական գործողությունների դադարեցում և Ուկրաինայի համար ամուր անվտանգության երաշխիքների ստեղծում», - նշել է Մակրոնը՝ շնորհակալություն հայտնելով Թուրքիային այս հարցում համագործակցության համար։
Կողմերը նաև խստորեն դատապարտել են Իսրայելի կառավարության վերջին որոշումները՝ Գազայի վրա հարձակում իրականացնելու և Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու վերաբերյալ, որոնք «հակասում են խաղաղության ջանքերին»։
Մակրոնը նշել է, որ հարկավոր է հրադադար, պատանդների ազատ արձակում, մարդասիրական օգնության մատակարարում և քաղաքական լուծում:
«Մենք սերտորեն համագործակցում ենք թուրքական իշխանությունների հետ՝ նախապատրաստվելով երկու պետությունների բանաձևով լուծման վերաբերյալ համաժողովին, որը Ֆրանսիան կհամանախագահի սեպտեմբերին Նյու Յորքում», - հավելել է Մակրոնը:
Նա նաև Էրդողանին վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ «աշխատելու Թուրքիայի հետ հավակնոտ երկկողմ օրակարգի շուրջ»։