1 րոպեի ընթերցում
Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները օրերս ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Բյուրակն գյուղի վարչական տարածքում, բազալտի հանքի հատկացված սահմաններից դուրս, իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարությունից, օգոստոսի 11-ին համայնքային ոստիկանները ստուգել են օպերատիվ տվյալը․ տեղում աշխատում էին թրթուրավոր էքսկավատորներ ու տարբեր հաստոցներ: Պարզվել է, որ հատկացված երկուսուկես հեկտար տարածքից դուրս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, առանց թույլտվության և պայմանագրի, արդյունահանում է ծավալել նաև շուրջ 700 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության հողերում՝ պետությանը պատճառելով վնաս, որի չափը պարզվում է:
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: