Եվրոպա

Զելենսկին Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ մեկնել է Բրիտանիա

2 րոպեի ընթերցում

Զելենսկին Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ մեկնել է Բրիտանիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ալյասկայում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ՝ օգոստոսի 14-ին Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի կառավարությունը՝ առանց մանրամասներ հաղորդելու հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ակնկալվում է, որ հանդիպումը նվիրված է լինելու օգոստոսի 15-ին Ալյասկայում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպմանը։ 

Զելենսկին և եվրոպական երկրների մի խումբ ղեկավարներ, ովքեր չեն մասնակցելու Պուտին-Թրամփ հանդիպմանը, օգոստոսի 13-ին համատեղ հեռախոսազրույց էին ունեցել ԱՄՆ նախագահի հետ՝ վերահաստատելով իրենց դիրքորոշումը ուկրաինական հարցի վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը նշել էր, որ Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը» պետք է պաշտպանվի, և միջազգային սահմանները «չպետք է փոխվեն ուժով»։

Նախորդ շաբաթ Թրամփը զգուշացրել է, որ կարող է լինել «տարածքների որոշակի փոխանակում՝ ի բարօրություն երկու կողմի», ինչը մտավախություն է առաջացրել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել հրաժարվել որոշ տարածքներից՝ արյունալի հակամարտությանը վերջ դնելու համար։

Ուկրաինան պնդել է, որ չի ընդունի Ռուսաստանի վերահսկողությունը բռնագրավված տարածքների, այդ թվում՝ Ղրիմի նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում