Սիսիան խոշորացված համայնքում իրականացվում են կարևոր ծրագրեր՝ մի շարք ոլորտներում զարգացում ապահովելու նպատակով. Հովսեփ Առաքելյան
10 րոպեի ընթերցում

Երեսունհինգ գյուղ և մեկ քաղաք ընդգրկող Սիսիան խոշորացված համայնքի համար այսօր առավել կարևոր է ենթակառուցվածքների զարգացման խնդիրը, ինչի հետ փոխկապակցված են մյուս բազմաթիվ հարցերը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը՝ հանգամանորեն անդրադառնալով մի շարք ուղղություններով իրականացվող ծրագրերին։
«Այժմ մենք սկսել ենք լայնածավալ շինաշխատանքներ ճանապարհաշինության ոլորտում, որովհետև երկար տարիներ Սիսիանում քանդված ու փոշոտ փողոցներ էին։ Եթե աշխատանքները շարունակվեն այս տեմպերով, ապա 2026 թվականի կեսերին Սիսիան համայնքում ոչ ասֆալտապատ փողոցներ գրեթե չեն լինի։ Դրա շնորհիվ կլուծվի տրանսպորտի հարցն ինչպես Սիսիանում, այնպես էլ միջգյուղական հատվածներում։ Կոնկրետ Սիսիան քաղաքի համար պատվիրել ենք չորս էլեկտրական միկրոավտոբուսներ։ Նոր փողոցները նոր որակ են տալիս կյանքին, և բնակիչները հավատով են սպասում փոփոխություններին»,- ասաց Առաքելյանը։
Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ՝ աստիճանաբար լուծվում է ջրագծերի անցկացման խնդիրը։ Կա բնակավայր, որն ունի խմելու ջրի հետ կապված խնդիր, մյուսը՝ կոյուղու, մեկ ուրիշը՝ ոռոգման ցանցի։ Համայնքապետը հավաստիացրեց, որ փորձում են հերթով լուծումներ գտնել բոլոր խնդիրների համար։ Նրա տեղեկացմամբ՝ այս պահին իրականացվում է 860 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր ասֆալտապատման ոլորտում։ Իսկ 2023 թվականից մնացած 250 միլիոն դրամ ընդգրկող սուբվենցիոն ծրագրի միջոցով լուծվում է Աղիտու և Վաղատին համայնքների խմելու ջրի հարցը։ Եվս մեկ սուբվենցիոն ծրագրով (350 մլն դրամ) բարեկարգվում են Սիսիան համայնքի Գետափնյա թաղամասի փողոցները։
Առաքելյանը կարևորեց հանքարդյունաբերության զարգացման դերը, ինչից կարող է մեծ օգուտներ ստանալ նաև Սիսիան համայնքը։
«Ամուլսարի շահագործումից հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեծապես աջակցելու է Սիսիանին՝ խթանելով սոցիալական աջակցության, դպրոցաշինության և մի շարք այլ ծրագրերը։ Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է օժանդակել Ջերմուկին, Վայքին և Սիսիանին։ Ամենաշատն օգնելու են մեզ, որովհետև տարածքը Սիսիանինն է, իսկ վարչական շենքը գտնվում է Ջերմուկի շրջանում՝ Գնդեվազում։ Աշխատակիցները հավասարապես ներառված են նշված բոլոր խոշորացված համայնքներից։ Ենթակառուցվածքների շինարարության համար նույնիսկ փնտրում էին մասնագետներ և դժվարությամբ գտնում։ Հանքարդյունաբերության մեջ կան աշխատատեղեր, բայց չկան մասնագետներ, ուստի զարկ է տրվում նաև համապատասխան կադրերի պատրաստմանը»,- ասաց Առաքելյանը։
Նրա պնդմամբ՝ նման մեծ նախագծերի առկայությունը մարդկանց հավատ է ներշնչում, շատերը նույնիսկ վերադառնում են հարազատ բնակավայրեր, և նախկինի պես մեծ արտագաղթ այլևս չկա։ Ավելին՝ գրանցվել է երեխաների ծնելիության աճ։ Եկող տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Գետափնյա թաղամասում նոր մանկապարտեզի կառուցում 144 երեխայի համար, որը կներառի մեծ խաղադաշտ։ Բռնակոթում նույնպես պետության կողմից իրականացվող «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագրով նախատեսվում է կառուցել մանկապարտեզ։ Խոշորացված համայնքում ընդհանուր առմամբ կառուցվում է 10 մոդուլային դպրոց, որոնցից 8-ի շինաշխատանքներն արդեն ավարտվել են։
Սիսիան համայնքում մեծ տեղ է հատկացվում նաև գյուղատնտեսության զարգացմանը, որը միշտ տարածաշրջանում եղել է ավանդական ճյուղ։
«Ամենամեծ թվով և մակերեսով վարելահողերը (87 հազար հեկտար) գտնվում են մեզ մոտ, բայց դեռ մշակվում է 12 հազար հեկտարը։ Այստեղ նույնպես արձանագրվել է դրական տեղաշարժ կառավարության սուբսիդիաների միջոցով։ Ամեն ինչ արվում է հողի մշակին օգնելու համար։ Ուզում ենք խթանել ճիշտ մշակաբույսերի աճեցումը։ Օրինակ՝ Սառնակունք և Ծղուկ համայնքներում արդեն երկրորդ տարին աճեցնում են ոլոռ՝ ստանալով առատ բերք։ Եթե պիլոտային ծրագիրը հաջողվի, աշխատանքներն ավելի կընդլայնվեն։ Ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք ուզում են հող մշակել թեկուզ վարձակալության հիմունքներով։ Մեզ համար էական է բերքի իրացման փուլը։ Անշուշտ, կարևոր է նաև ցորենի արտադրությունը։ Իսկ անասնապահությունը զարգացնելու նպատակով ցանկանում ենք ներկրել ազնվացեղ խոշոր եղջերավոր կենդանիներ։ Շատ եմ ուզում, որ մեր մշակներն իրենց չարչարանքի դիմաց շատ վարձատրվեն, ավելի շատ գումար աշխատեն»,- ասաց Առաքելյանը։
Ի դեպ, գլոբալ տաքացման արդյունքում այստեղ նույնպես աճում են այնպիսի մշակաբույսեր, որոնք ավանդական չեն եղել տվյալ տարածաշրջանի համար։ Սիսիանցիներն, օրինակ, վերջին տարիներին հավաքում են ծիրանի առատ բերք։ Դա հիմք է տվել ՄԱԿ-ի պարենային ծրագրի օժանդակությամբ համայնքում հիմնել կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգիներ։ Զուգահեռաբար լուծվում է ոռոգման ջրի հարցը։ Նախատեսված է Սպանդարյանի ջրագծի կապիտալ վերանորոգումն ավարտել մեկ տարում, ինչի շնորհիվ հինգ բնակավայրերում ամբողջությամբ կլուծվի ջրամատակարարման հարցը։
«Ձգտում ենք զարգացնել նաև զբոսաշրջությունը, որովհետև Սիսիանի տարածաշրջանում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, պատմական հուշարձաններ ու կոթողներ։ Սկսել ենք այդ վայրերի բարեկարգման աշխատանքները, որոնք ներառում են կանաչապատում և համարժեք ենթակառուցվածքների ներդրում։ Շուտով կավարտվի Շաքիի ջրվեժ և Մելիք Թանգու կամուրջ տանող ճանապարհի սալիկապատման նախագծումը և կհայտարարվի շինմրցույթ։ Որակյալ ճանապարհներն, անշուշտ, կխթանեն զբոսաշրջիկների այցերը և կհամապատասխանեն ամենաբծախնդիր զբոսաշրջիկների ճաշակին։ Մեր տեսարժան վայրերը ոչ միայն տեսնելու, այլև վայելելու համար են»,- նշեց Առաքելյանը։
Համայնքապետը հավելեց, որ մշակութային հետաքրքիր ծրագրերով ցանկանում են ավելի աշխույժ դարձնել բնակիչների առօրյան։ Նավասարդից առաջ մեծ հաջողությամբ անցավ Արա և Ալիկ Ավետիսյանների համերգը, որոնք ծնունդով Սիսիանից են։ Այդ միջոցառմանը հետևեց շուրջ 12 հազար մարդ ինչպես Հայաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ արտասահմանից։
«Մեկ միջոցառման ընթացքում այդքան շատ մարդկանց ներկայությունը մեր փոքրիկ քաղաքում իսկապես արտառոց երևույթ էր։ Դա նշանակում է սպասարկման և ծառայությունների ոլորտների ակտիվացում։ Աշխատելու ենք նման միջոցառումների քանակն ավելացնել»,- ընդգծեց Սիսիան խոշորացված համայնքի ղեկավարը։
Արդեն չորրորդ տարին է, ինչ «Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնի շնորհիվ Սիսիանի սրտում մարդիկ վայելում և նորովի են բացահայտում երկու հնագույն ժողովուրդների մշակույթն ու խոհանոցը։
«Մասնակիցների տարեց տարի աճող թվաքանակը լավագույն կերպով ապացուցում է այն իրողությունը, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։ Դա խթան կհանդիսանա երկու բարեկամ ժողովուրդների ավելի մերձեցմանը։ Մշակույթների ու համերի այս յուրատեսակ միաձուլումը խոստանում է անմոռանալի դարձնել Սիսիանում անցկացված օրերը համեղ ուտեստներով, ավանդական երաժշտությամբ և բազմազան հետաքրքիր ծրագրերով։ Առանց վարանելու կարելի է ասել, որ «Նավասարդ» մշակութային խոհանոցային փառատոնը հայ-իրանական ամենագունեղ ու ամենաազգային միջոցառումն է»,- ասաց մեր զրուցակիցը։
Փառատոնը հիմք է ստեղծել հարաբերությունների զարգացման և ավելի լայն ձևաչափով հետագա համագործակցության համար։
«2025 թվականի տարեսկզբին հանդիպեցի Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ և պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է քույր քաղաք ունենալ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Արդեն այդ քաղաքը նշմարվել է և ապագայում ակնկալում ենք ակտիվ համագործակցություն Ռաշի քաղաքի հետ։ Իրանական կողմը նույնպես մեծ քայլեր է կատարել բարեկամության ամրապնդման համար։ Պայմանավորվածությունն արդեն իսկ վերջնական փուլում է։ Մոտ օրերս նրանց հրավերով մեր պատվիրակությունը կմեկնի Իրան։ Պլանավորված է հաջորդ տարի Նավասարդի փառատոնը համատեղ անցկացնել նաև Ռաշի քաղաքում։ Համագործակցությունն ընդգրկելու է մշակութային, սոցիալական, տնտեսական ոլորտները»,- տեղեկացրեց համայնքապետը։
Քննարկվել է նաև զբոսաշրջության հարցը, որպեսզի փոխադարձ այցերն այդ առումով նույնպես աշխուժանան, առավել ևս, որ Իրանում ևս կան հետաքրքիր վայրեր և ծովափնյա հանգստի գոտիներ։
«Որքան աշխատում ենք, այնքան մարդիկ ավելի շատ են պահանջում և մեզ պարտավորեցնում, ինչը բնական է։ Ուզում ենք նախանշված ժամկետներում ավարտել բոլոր ծրագրերը»,- եզրափակեց Սիսիան խոշորացված համայնքի ղեկավարը։
