Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Սայադյան փողոցը
1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ և պետական միջոցներով ընթանում են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Գավառի Սայադյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 900 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրով նախատեսված է Սայադյան փողոցի ճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգում՝ ներքին ու արտաքին ջրահեռացնման համակարգի կառուցմամբ, հին ասֆալտբետոնե ծածկի հեռացմամբ, նոր խճային հիմքի ու ասֆալտբետոնե ծածկի տեղադրմամբ, 2400 գծամետր երկարությամբ և 28096 քմ մակերեսով։ Կառուցվելու են նաև երկկողմանի սալիկապատ մայթեր՝ 4300 քմ մակերեսով։
Շինարարական աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի վերջին։