ԱԺ պատգամավորը սուտ ու մանիպուլյացիա է որակել պնդումները, թե Հայաստանը համաձայնվել է կամ կհամաձայնվի որևէ «միջանցքային» լուծման
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը սուտ, կեղծիք ու մանիպուլյացիա է որակել հնչող պնդումները, թե Հայաստանը Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում համաձայնվել է կամ կհամաձայնվի որևէ «միջանցքային» լուծման։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Սուտ, կեղծիք ու մանիպուլյացիա է, թե Հայաստանը համաձայնել է կամ կհամաձայնի որևէ «միջանցքային» լուծման:
Ճշմարտությունն է.
Հայաստանը կգնա պայմանավորվածության, որը կներառի մշտապես մեր կողմից հրապարակային հնչած սկզբունքները, այն է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հիման վրա, փոխադարձության սկզբունքով ապաշրջափակում:
Այսինքն՝ ցանկացած ենթակառուցվածք, որը կանցնի ՀՀ տարածքով, գործելու է ՀՀ օրենսդրության համաձայն:
Նաև, փոխադարձությունը ենթադրում է, որ եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, ապա բացվում են նաեւ Հայաստանի համար:
Շեշտում եմ, Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները, այլ ենթակառուցվածքները գտնվելու են ՀՀ իրավազորության տակ, ՀՀ օրենսդրությանը լիարժեք համաձայն:
Ով ասում է հակառակը, կամ տեղեկացված չէ, կամ աշխատում է ընդդեմ Հայաստանի: Երրորդ տարբերակ չկա»,- գրել է Գրիգորյանը: