Լիոնի «Ռադիո Արմենի» լրատվամիջոցը կարևոր դեր ունի հայապահպանության և հայերին համախմբելու գործում. Խաժակ Չիլինգիրյան
8 րոպեի ընթերցում

Լիոնի «Ռադիո Արմենի»-ն հայկական սփյուռքի ազդեցիկ ու ճանաչված լրատվամիջոցներից մեկն է և հիմնադրման օրից ի վեր միշտ ձգտել է ձեռքը պահել համահայկական իրադարձությունների զարկերակի վրա՝ դառնալով յուրատեսակ կամուրջ սփյուռքի և հայրենիքի միջև։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ռադիոկայանի մեկնաբան Խաժակ Չիլինգիրյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցի գործունեությանը և թեմատիկ հաղորդումներին, որոնք միտված են համահայկական խնդիրների հանգամանալից լուսաբանմանը։

Խաժակ Չիլինգիրյանը ծագումով Բեյրութից է, Ֆրանսիայի Լիոն քաղաք տեղափոխվել է Լիբանանում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի պատճառով։ Ռադիոկայանի աշխատանքներում ներգրավվել է 1990-ական թվականներից։ Չիլինգիրյանն այժմ ներկայացնում է տարբեր հայտարգրերով նյութեր և թողարկումներ, վարում է երկու հեղինակային ծրագիր։ Կիրակնօրյա ծրագիրը ծավալուն է և բնույթով մշակութային, իսկ մարզական ծրագիրը եթեր է հեռարձակվում յուրաքանչյուր երկուշաբթի։
«Լիոն տեղափոխվելուց հետո անմիջապես կապեր հաստատեցի տեղի համայնքի հայկական կազմակերպությունների հետ, առավել ևս, որ այստեղ արդեն իսկ գործում էին մի շարք մասնագիտացված միություններ, այդ թվում՝ մարզական կառույցներ։ Սկզբում մարզիկ էի, այնուհետև աշխատեցի որպես մարզիչ։ Ամիսներ անց միացա տեղի հայկական ռադիոկայանի աշխատակազմին։ Երբ «Ռադիո Արմենի»-ն 1983 թվականից սկսեց իր գործունեությունը, այն ժամանակ ինտերնետ չկար, շատ դժվար էր կապ հաստատել Ֆրանսիայի և հայկական սփուռքի այլ համայնքների հետ։ Հաղորդակցությունն այդ առումով մատչելի չէր, բայց նույնիսկ այդ պայմաններում Լիոնի հայկական ռադիոկայանը փորձում էր ինչ-որ կերպ լրացնել այդ բացը»,-ասաց Չիլինգիրյանը։

Նրա խոսքով՝ ռադիոկայանի համար 1988 թվականը դարձավ բեկումնային, դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը ցնցեց բոլորին, իսկ ռադիոկայանի գործունեությունը, զուտ տեղեկատվության առումով, մղվեց առաջին պլան։
«Խմբագրությունն աշխուժացավ, ուշադրությունը նրա հանդեպ բազմապատկվեց։ Մեր միջոցներով անմիջական կապ էինք հաստատել Հայաստանի հետ և պարբերաբար ներկայացնում էինք տեղեկատվություն աղետի գոտուց։ Մեր հայրենակիցներն այցելում էին ռադիոկայան՝ հավելյալ ինֆորմացիա ստանալու ակնկալիքով, հարցնում էին, թե ինչպես կարող են օգտակար լինել հայրենիքին և երկրաշարժից տուժածներին։ Այդ ամենն իսկապես անկյունաքարային եղավ «Ռադիո Արմենի»-ի համար, որն իր տեսակի մեջ առաջինն է Ֆրանսիայում։ Եվս երկու ռադիոկայան կա Փարիզում և Վալանսում, սակայն նրանք Լիոնի ռադիոկայանի նման չեն աշխատում 24-ժամյա ռեժիմով։ Մեր հաղորդումները սփռվում են նաև հարակից Վիեն քաղաքում, իսկ համացանցի միջոցով հնարավոր է կապ հաստատել ամբողջ աշխարհի հետ։ Կայքի միջոցով հասանելի ենք բոլորին»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Չիլինգիրյանը հավելեց, որ Լիոնի հայկական համայնքը բավականին կազմակերպված է, ունի հայկական ամենօրյա դպրոց, գործում է սուրբ Հակոբ եկեղեցին, կան մի շարք միություններ ու կազմակերպություններ։ Լիոնից ոչ շատ հեռու գտնվում է Դեսինը, որը քույր քաղաք է Ստեփանավանի հետ և համագործակցության հուշագիր է ստորագրել հայկական կողմի հետ։ Դեսինն առավելապես հայտնի է նրանով, որ այդտեղ՝ Ռոն-Ալպյան շրջանի սրտում հաստատվել են առաջին հայ գաղթականները Հայոց ցեղասպանությունից հետո։ Դեսինը կոչում են նաև «Փոքրիկ Հայաստան», որտեղ ժամանակին հայերը տեղացիներից շատ են եղել։ Այնտեղ բնականաբար նույնպես կան հայկական դպրոց ու եկեղեցի, ինչպես նաև մշակութային ու արտադրական հաստատություններ։
«Մեր ռադիոկայանի տարեգրության մեջ երկրորդ կարևոր իրադարձությունը, որ լուսաբանվել է հանգամանորեն, Հայաստանի անկախացման գործընթացն էր։ Դա մեզ համար մեծ անակնկալ էր, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Խորհրդային Միությունը կփլուզվեր և Հայաստանը կանկախանար այդ կերպ։ Հայրս ֆրանսահայ համանքի հայտնի դասախոսներից մեկի հետ պարբերաբար խոսում էր այդ թեմայով։ Դեռ 1970-ական թվականներին նա ասում էր, որ սփյուռքահայերի հաջորդ հանդիպումը լինելու է անկախ Հայաստանում։ «Մելքո՛ն,-ասում էր հորս,-ես և դու գուցե չտեսնենք, բայց մեր ժառանգներն անպայման կտեսնեն անկախ Հայաստանը»։ Այդ երազանքը միշտ եղել է։ Շատ լավ հիշում եմ 1991 թվականի սեպտեմբերին կայացած անկախության հանրաքվեն, որովհետև նոր էի աշխատակցում ռադիոկայանին և ուղիղ եթերի ժամանակ մեզ ացելեցին ֆրանսիական հեռուստաընկերության ներկայացուցիչները՝ հավելվալ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով։ Խոսքերով հնարավոր չէ նկարագրել, թե ինչպիսի տպավորություն թողեց մեզ վրա հանրաքվեի վճռական «այո»-ն։ Պահն իսկապես պատմական էր և հուզումնալից»,-ասաց «Ռադիո Արմենի»-ի մեկնաբանը։

Ռադիոկայանն այսօր էլ հավուր պատշաճի սպասարակում է համահայկական օրակարգը՝ լուսաբանելով հայերի համար կարևոր իրադարձությունները։ Չիլինգիրյանի խոսքով՝ իրենց աշխատանքը դարձել է ավելի արդյունավետ, քանի որ Հայաստանից ժամանած գործընկերները հարստացրել են եթերն ու ավելի հետաքրքիր դարձրել հատկապես մշակութային հաղորդումների բովանդակությունը։ Անշուշտ, այդ ամենին գումարվում է նաև ռադիոկայանի հնաբնակների արգասաբեր գործունեությունը, ովքեր ավելի քաջատեղյակ են ֆրանսահայ համայնքի հանրային կյանքին։
«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մեր ձայնասփյուռը տրամադրվում է հիմնական թեմային, ունենում ենք հայ և օտարազգի հյուրեր, այդ թվում՝ տեղի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Լիոնի կենտրոնում տեղակայված հուշարձանի մոտ, որը նվիրված է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ամեն տարի նշվում է Հայոց ցեղասպանության տարելիցը։ Ընդ որում՝ կազմակերպչական աշխատանքներում նախաձեռնություն են ցուցաբերում նաև տեղի իշխանությունները՝ սերտորեն համագործակցելով համայնքի հետ։ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Ֆրանսիան Հայաստանի կողքին է, և բոլորն էլ տեսնում են դա»,-ասաց Չիլինգիրյանը։
Ռադիոկայանի հաղորդումներն ու լուրերի թողարկումները հեռարձակվում են հայերեն և ֆրանսերեն։ Մայրենի լեզվով հաղորդումները հատկապես ուրախացնում են տարեց հայրենակիցներին, իսկ երրորդ սերդի ներկայացուցիչները, ովքեր վարժ չեն տիրապետում հայերենին, նախընտրում են ֆրանսերեն հաղորդուները։ Բայց նրանք էլ, Չիլինգիրյանի հավաստմամբ, ցանկանում են բացը լրացնել և հաճախում են հայերենի դասընթացներին, որոնք կազմակերպվում են տեղի հայկական մշակութային կենտրոններում։
«Ֆրանսիայում ծնված հայերն իրենց մեջ, ինչպես ասում էր Շառլ Ազնավուրը, կրում են միաժամանակ երկու մշակույթ՝ հայկական և ֆրանսիական։ Ովքեր ժամանել են Միջին Արևելքի երկրներից, առավել ցայտուն կերպով պահպանել են մեր մշակույթը, խոսում են հայերեն, որովհետև չեն կտրվել հայկական միջավայրից, հաճախել են հայկական վարժարաններ։ Մեր երիտասարդները շատ հայրենասեր են։ Ինձ ամենօրյա աշխատանքում մեծապես օգնում է իմ զարմիկը, քրոջս որդին՝ Նժդեհը, ով գիտի հայերեն և հաղորդումների ընդհանուր բովանդակությունը ներկայացնում է նաև ֆրանսերեն։ Ունենք բազմաթիվ ֆրանսիացի ունկնդիրներ, ովքեր նույնպես բարձր են գնահատում մեր աշխատանքը»,-ասաց Չիլինգիրյանը։
