Շիրակի մարզում շարունակվում են դպրոցների հիմնանորոգման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում շարունակվում են դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը շարունակում է շրջայցերը մարզի դպրոցներ, որոնք պետական միջոցներով են կառուցվում, նորոգվում և հիմնանորոգվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետի աշխատակազմից, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ պատասխանատուները դիտարկել են «Գյումրու Օյունջյան միջնակարգ դպրոց-վարժարանում» իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքը։ Շինաշխատանքների համար պետությունը հատկացրել է 200 մլն 500 հազար դրամ գումար։ Աշխատանքային խումբը հետևել է նաև Ախուրյանի թիվ 2 և Կառնուտի դպրոցներում իրականացվող նորոգման աշխատանքներին։ «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի» վերանորոգման ծրագրի արժեքը կազմել է 71 մլն 139 հազար դրամ։ 154 մլն դրամ գումար էլ պետությունը նախատեսել է «Կառնուտի միջնակարգ դպրոցի» վերանորոգման նպատակին։
Բոլոր դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։