Հաշմանդամության հիմքով խտրականության ցանկացած դրսևորում անթույլատրելի է. Անահիտ Մանասյան

4 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է, որ դատական իշխանության նախկին պաշտոնատար անձի կողմից հրապարակային խոսքի շրջանակներում արվել են մի շարք դատողություններ, որոնք իրենց էությամբ խտրական են և թիրախավորում են հաշմանդամություն ունեցող անձանց: Ընդ որում, լրատվամիջոցի կողմից տեսանյութը հրապարակվել է «Խայտառակություն է, որ խուլն ու կույր մարդը կարող է դատավոր դառնալ» վերտառությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է անդրադարձել հաշմանդամության հիմքով խտրականության ցանկացած դրսևորման անթույլատրելիությանը և այդ հանգամանքը խիստ դատապարտելի է համարում:

«Մեր հասարակությունում բազմաթիվ են հաշմանդամություն ունենալու հանգամանքի առնչությամբ խորքային կարծրատիպերը, և վարքագծի նման դրսևորումները հանգեցնում են առանց այն էլ առկա արմատավորված կարծրատիպերի խորացմանը:

Առավել մտահոգիչ է այն, որ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին առնչվող՝ միջազգային չափանիշներին հակասող խտրական մոտեցումներ են տարածում մասնագիտական հանրույթի ներկայացուցիչները, իսկ խտրական ու ատելության խոսույթը տարածվում է նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այսօրվա աշխարհը զարգացել է այն ուղղությամբ, որ հասարակական հարաբերությունների հիմքում ընկած է ներառականության գաղափարը, և հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ընդգրկվեն և ընդգրկվում են աշխատանքային բազմապիսի բնագավառներում, այդ թվում՝ դատական իշխանության համակարգում:

Նկատի ունենալով մեր հասարակությունում առկա խորքային կարծրատիպերը հաշմանդամություն ունենալու հանգամանքի առնչությամբ, հաշմանդամության հիմքով խտրականության բազմապիսի դրսևորումները, որոնք արտահայտվում են, այդ թվում` հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված` խտրական ու ատելության խոսույթի միջոցով, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է ոլորտին վերաբերելի շուտափույթ բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Այդ բարեփոխումները, ի թիվս այլնի, պետք է վերաբերեն մարդու իրավունքների կրթության ամբողջական բարեփոխմանը, իրավահավասարության համապարփակ օրենսդրության ընդունմանն ու պատշաճ գործարկմանը, պետական մարմինների, մասնագիտական ու ակադեմիական համայնքների ներկայացուցիչների վարքագծի կանոնների ու էթիկայի պահպանման կառուցակարգերի փաստացի ու պատշաճ գործարկմանը, հանրային իրազեկման ու վերապատրաստումների լայնածավալ աշխատանքների իրականացմանը, ոլորտին առնչվող քրեական օրենսդրության պատշաճ գործարկմանը և այլն: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այս բոլոր ոլորտներում առկա են անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ, որոնք պետք է շուտափույթ հասցեավորվեն»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում և առանցքային է համարում խտրական ու ատելության խոսույթի տարածման անթույլատրելիությունը և հորդորում է բոլոր դերակատարներին խնդիրները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկել բավարար քայլեր:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ