Հայրենիքին մոտ լինելու նվիրումով. շուրջ 30 տարի գործող Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցը կրթել է հարյուրավոր երեխաների

6 րոպեի ընթերցում

Օտարության մեջ սովորեցնել հայոց լեզուն, սերունդներին մոտ պահել ազգային արմատներին, մշակույթին, հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմությանը, կրթել, դաստիարակել հայկական շնչով․ ահա այս առաքելությամբ արդեն շուրջ 30 տարի Չեխիայում գործում է Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցը։ Մի քանի տասնամյակ շաբաթական մեկ օր հայկական կրթօջախում հավաքվում են տեղի հայ համայնքի դպրոցահասակ երեխաները։ Դպրոցը հիմնադրվել է 1996 թվականին հայ համայնքի մի խումբ նվիրյալների ջանքերով։ Այդ ժամանակ Պրահայի  Կարլի համալսարանում բացվել է  հայագիտության ամբիոն։ Դա պատահական չէր, որովհետև Կարլի համալսարանում մինչ այդ հայագիտության դասավանդումն ավանդույթներ ուներ։ Դրանից բացի ստեղծվել է հայ-չեխական բարեկամության կոմիտե։ Եվ ահա համատեղ ջանքերով հաջողվել է պայմանավորվել Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի հետ, որպեսզի նորաստեղծ դպրոցն իր աշխատանքները ծավալի  համալսարանի լսարաններից մեկում։ Դպրոցի առաջին տնօրենը (մինչև 2018 թվական) եղել է Արմեն Քոլոյանը։ Նա նաև դպրոցի համահիմնադիրներից է և մեծ ջանք է ներդրել դպրոցի պահպանման  գործում։ 

Այժմ դպրոցը ղեկավարում է Գոհար Մելիքյանը։ Նա Չեխիա է տեղափոխվել   ընտանիքով։ 2003 թվականն էր, տիկին Մելիքյանն ընտանիքի հետ աշխատելու նպատակով հաստատվեց Պրահայում։ Տեղի հայկական դպրոցի գոյության մասին լուրը, կարծես, լույս լիներ հայրենիքից հեռու գտնվող ընտանիքի համար։

«Շատ ուրախացա, երբ իմացա, որ Պրահայում կար շաբաթօրյա հայկական դպրոց ու իմ  աղջիկը կարող էր հաճախել։ Սկզբում դպրոցի հետ առնչվել  եմ որպես ծնող, այնուհետև 2011 թվկանից աշխատել  եմ որպես  ուսուցիչ։ 2018-2019 ուսումնական տարվանից դպրոցի տնօրինությունը փոխանցվել է ինձ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Գոհար Մելիքյանը։

Հայկական դպրոց հաճախող աշակերտի ծնող, այնուհետև միևնույն դպրոցում ուսուցիչ, իսկ հետո արդեն տնօրեն դառնալու ճանապարհով անցած Գոհար Մելիքյանը մեծ պատասխանատվությամբ է ստանձնել այդ առաքելությունը։ Չէ՞ որ հայրենիքից դուրս գտնվող կրթօջախը ղեկավարելը դյուրին գործերից չէ։ Տիկին Գոհարը դպրոցի դժվարությունների մասին շատ չի խոսում, փոխարենը հպարտությամբ ներկայացնում է արված աշխատանքը։  

«Մեր դպրոցում աշակերտները սովորում են հայերեն խոսել, գրել, կարդալ։ Հայոց լեզուն ուսումնասիրում են մինչև 6-րդ մակարդակ։ Ասեմ, որ չենք սահմանափակվում միայն հայերենն ուսուցանելով, դպրոցում դասավանդվում է նաև «Հայոց պատմություն» առարկան, ինչպես նաև սովորեցնում ենք ազգային երգ, պար։ «Հայ գրականություն» առանձին չենք անցնում, բայց տարբեր միջոցառումների շրջանակում անդրադառնում ենք հայ գրողներին»,-ասաց Գոհար Մելիքյանը։

Դպրոցի ուսուցչական անձնակազմը տնօրենի գլխավորությամբ առանձնակի կարևորություն է տալիս հայկական տոներին։ Պարտադիր ձգտում են տարվա մեջ նշել ազգային տոները, միջոցառումներ կազմակերպել, էքսկուրսիաներ անցկացնել։ Տոնական միջոցառումների առանցքում հայկական ավանդույթների պահպանումն է։

Հայապահպանության գործում կարևոր ներդրում ունեցած Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցն իր գործունեության ընթացքում հարյուրավոր երեխաների է կրթել։ 

«Այս տարիների ընթացքում հարյուրավոր հայ երեխաներ մեր դպրոցում սովորել են խոսել գրագետ հայերենով, գրել, կարդալ, և ամենակարևորը՝ ճանաչել միմյանց, կապեր հաստատել, հայ ընկերներ ձեռք բերել, որն էլ համարում եմ մեր դպրոցի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը»,-ասաց դպրոցի տնօրենը։

Դպրոցում գործում է 4 դասարան, սովորում են 4-16 տարեկան երեխաներ։ Գոհար Մելիքյանը ցավով է նշում, որ վերջին տարիներին աշակերտների թիվը նվազել է։  Պատճառներից ամենագլխավորը ֆինանսականն է:Մինչև 2023 թվականը Կարլի համալսարանը դպրոցին տարածքն անվճար էր տալիս, բայց արդեն երկու տարի է՝ լսարանների համար վճարում են։ Դա ենթադրում է, որ ստիպված են աշակերտների համար ուսման վարձ սահմանել։ Թերևս, դա պատճառներից մեկն է, որ աշակերտների թիվը նվազել է։ Ամեն դեպքում տիկին Մելիքյանը հույսը չի կորցնում և ակնկալում է, որ ժամանակի ընթացքում կվերականգնեն հաճախելիության նախկին միտումները։ Ֆինանսականից զատ, դպրոցը նաև այլ հարցերում աջակցության կարիք ունի։  

«Ճիշտն ասած՝ նաև մեթոդական խորհրդի կարիք ունենք. օրինակ, ինչպես ճիշտ ծրագիր կազմել  մեկօրյա դպրոցի համար, ինչ խորությամբ սովորեցնել  քերականությունը, լեզվի իմացության տարբեր մակարդակի աշակերտների հետ ինչպես միաժամանակ պարապել։ Ասեմ, որ ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերի համար ամեն տարի հայտ ենք ստանում ԿԳՄՍ նախարարությունից։ Մեր ուսուցիչները Հայաստանում վերապատրաստվելու հնարավորություն ունեն»,-ասաց Գոհար Մելիքյանը։

Այսօր դպրոցն ունի 6 ուսուցիչ։ Նրանցից մեկը Պրահայում  սովորում է, մնացածները Պրահայում բնակվող հայեր են։ Տնօրենի գլխավորությամբ դպրոցի փոքրաթիվ անձնակազմը, չնայած դժվարություններին, հայրենքից հեռու գտնվող երեխաներին հայրենիքին մոտ պահելու մեծ նվիրումով շարունակում է իր գործունեությունը։

Հայերեն

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ

Ամփոփում ենք «Երևանի Գինու Օրերը». Wildberries-ը իրադարձությունների կենտրոնում էր