Փոփոխություններ են նախատեսվում ոստիկանության ծառայողների բարեվարքության ու կարգապահական կանոնագրքում
3 րոպեի ընթերցում
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հուլիսի 31-ի նիստում օրենսդրական փաթեթի նախագիծը ներկայացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, որի խոսքով՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարության մեջ նախանշված է եղել մարդկային ռեսուրսների կառավարման մեխանիզմների փոփոխությանը վերաբերող ուղղությունը։
«Այս համակարգի տեսանկյունից շատ կարևոր է, որ ծառայողների բարեվարքության համակարգը և ծառայողական կարգապահությունն ունենան ճշգրիտ կարգավորումներ, որպեսզի յուրաքանչյուր շեղվող վարքագիծ կոնկրետ ռեակցիա ունենա։
Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում առաջին ինստիտուցիոնալ քայլն արեցինք առ այն, որ կարգապահական վարույթները տեղափոխվեցին նախարարության տիրույթ, և մեխանիզմ նախարարի ենթակայության ներքո ձևավորվեց ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պիտի ունենայինք փոխզսպումների ճշգրիտ համակարգ, որը կերաշխավորեր, որ ծառայողական կարգապահությանը վերաբերող բոլոր հարցերը օբյեկտիվ քննության են ենթարկվում և ըստ այդմ՝ ռեակցիան համապատասխան է լինում իրավիճակին»,-ասաց նախարարը՝հավելելով, որ բացի այդ՝ պետք է նախատվեին այլ կարգավորումներ, որոնք վերաբերում են այս վարչության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։
Ըստ այդմ՝ առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ վարչությունում պաշտոնի նշանակվելուց առաջ ծառայողները պետք է անցնեն բարեվարքության ուսումնասիրություն։ Այդ կարգը կսահմանվի լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով։
Նախատեսված է նաև վարչության կողմից փորձաքննություն նշանակելու լիազորություն, եթե կա թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ ծառայության ներկայացման հետ կապված հարց։
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է ձևավորել էթիկայի հանձնաժողով, որը կանդրադառնա այս խումբ հարցերի քննարկմանը։
Ընդ որում՝ նախատեսված է նաև հանձնաժողովային կարգ, որում տեղ կունենան նաև քաղհասարակության ներկայացուցիչներ՝ գործընթացի օբյեկտիվության ապահովման համար։
Ինչ վերաբերում է ծառայողական քննությունների հրապարակման խնդրին, ապա օրենսդրական փաթեթով նախատեսվում է այս գործընթացն ինստիտուցիոնալ դարձնել։
Ըստ այդմ՝ տարեկան կտրվածքով կլինեն վարչության գործունեության մասին հրապարակումներ և յուրքանչյուր ծառայողական քննության կամ բարեվարքության ստուգման արդյունքները ևս կդառնան հրապարակային ու հանրամատչելի տեղեկատվություն։