Գեղարքունիքի մարզի բռնցքամարտիկները արծաթե մեդալներ են նվաճել Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների հավաքականի կազմում Գեղարքունիքի մարզը ներկայացնող բռնցքամարտիկները արծաթ մեդալներով են հայրենիք վերադարձել Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնությունից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիային նախագահ Գևորգ Սարգսյանը, միջազգային մրցաշարում պատվո երկրորդ աստիճանին կանգնել են Սևանի մարզադպրոցի սան, 51 կիլոգրամ քաշային Կարինե Դալլաքյանը և Մարտունու մարզադպրոցի սան, 36 կիլոգրամ քաշային Էլեն Բարսեղյանը։
«Մինչ եզրափակիչ հասնելը մեր կրտսեր տարիքի բռնցքամարտիկները երկուական հրաշալի մենամարտեր անցկացրին՝ թողնելով հիանալի տպավորություն ու դրսևորելով հաղթանակի հասնելու կամք ու ձգտում։ Ամեն դեպքում, երկու արծաթե մեդալն էլ մենք համարում ենք լուրջ նվաճում ու լիահույս ենք, որ Կարինե Դալլաքյանն ու Էլեն Բարսեղյանը դեռ մեզ կշարունակեն հիացնել իրենց նորանոր հաղթանակներով»,-նշեց Գևորգ Սարգսյանը։