Թուրքիա

Ստամբուլում մեկնարկել են Իրանի և «եվրաեռյակի» միջև բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Ստամբուլում մեկնարկել են Իրանի և «եվրաեռյակի» միջև բանակցությունները

Ստամբուլում առավոտյան մեկնարկել են Իրանի և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդում է Mehr գործակալությունը։

Բանակցություններն ընթանում են Ստամբուլում Իրանի հյուպատոսության շենքում՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։

Իրանական կողմից բանակցություններին մասնակցում են իրավական և միջազգային հարցերով ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին և քաղաքական հարցերով ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։

Հուլիսի 24-ի երեկոյան Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, նախատեսված բանակցությունները նախորդ քննարկումների շարունակությունն են, և «աշխարհը պետք է իմանա, որ մեր դիրքորոշումները չեն փոխվել. մենք կպաշտպանենք Իրանի ժողովրդի իրավունքները»։

Արաղչին հավելել է, որ հատկապես Իսրայելի կողմից վերջերս պարտադրված պատերազմից հետո անհրաժեշտ է, որ մյուս կողմը տեղեկացվի, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մնում է ամուր և անսասան։

«Մեր կողմից ուրանի հարստացումը կշարունակվի, մենք չենք հրաժարվում Իրանի ժողովրդի այս իրավունքից», - հայտարարել է նա։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել էր, որ բանակցությունների օրակարգը հստակ է՝ պատժամիջոցների վերացում և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր՝ այն տարբերությամբ, որ այս անգամ Իրանը հստակ կարտահայտի իր դիրքորոշումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում