Մշակույթ

«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը». ականավոր նկարչի հոբելյանին նվիրված ցուցադրությունը մեկտեղել է 120-ից ավելի աշխատանք

8 րոպեի ընթերցում

«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը». ականավոր նկարչի հոբելյանին նվիրված ցուցադրությունը մեկտեղել է 120-ից ավելի աշխատանք

«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» ցուցահանդեսում ընդգրկված է ֆրանսիական արդի արվեստի ակնառու դեմքերից մեկի՝ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) 120-ից ավելի ստեղծագործություն։ Աշխատանքներն արտացոլում են նկարչի՝ կյանքի հանդեպ հետաքրքիր մոտեցումներն ու արծարծում թեմաներ, որոնք մշտապես Ժանսեմի ուշադրության կենտրոնում են եղել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկարչի 120-ամյակի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը հիշեցրեց, որ քսան տարի առաջ՝ 2005 թվականին, Ժանսեմը շուրջ 400 աշխատանք նվիրաբերել է Հայաստանի Հանրապետությանը: Այդ ստեղծագործությունները հանգրվանել են Հայաստանի ազգային պատկերասրահում: «2005-ին Ժանսեմին խոստացանք, որ նվիրատվության ցուցադրությունը կկայանա նրա կենդանության օրոք: Ցավոք, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով  չստացվեց կազմակերպել այդ ցուցադրությունը: Նվիրաբերությունը հիմնականում վերաբերում էր գրաֆիկական թերթերին, որոնք պատկերասրահի  գրաֆիկայի բաժնում էին, որտեղ ես նոր ընդունված աշխատակից էի: Հիշում եմ, որ ամեն տարի մեր ծրագրերում հանդիպում էի այդ  խորագրին՝ «Ժանսեմի վերջին նվիրատվությունները»: Վերջապես քսան տարի անց կազմակերպվեց այս ամփոփ ցուցադրությունը»,- ասաց նա և հավելեց՝ ցուցադրությունը նաև հայ-ֆրանսիական ամուր կապերի արդյունք և խորհրդանիշ է:

Հակոբյանն ընդգծեց՝ ցուցադրության մեջ ներառվել է 120-ից ավելի գրաֆիկական թերթ, որի տեխնիկան վիմագրությունն է: Այն  գրաֆիկայի բարդագույն տեխնիկաներից է. նկարն արվում է քարի վրա, այնուհետև փոխանցվում է թղթին: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հավաստիացմամբ՝ Ժանսեմի արվեստը չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին: «Սա այնպիսի զգացողությունների ամբողջություն է, որը յուրաքանչյուրի մեջ յուրովի արձագանք է գտնում: Սա նաև սոցիալական արվեստի այն կարևոր յուրահատկությունն է, որը թույլ է տալիս անձնական փորձառությունների միջոցով խոսել հանրային կարևոր խնդիրներից»,- ասաց նախարարը:

Ցուցադրությանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Նա շեշտեց՝ կան մարդիկ, որոնց կյանքի ուղին գեղագիտական է և հոգևոր: Ըստ նրա՝ Ժանսեմը, ինչպես Կոմիտասը, նման մարդկանցից էր: «Լինելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդ՝ նա ապրել է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում՝ ծայրահեղ աղքատության մեջ: Այդ  արվարձանում այժմ նրա արվեստանոցն է: Իր հուշերում Ժանսեմը պատմել է, որ նկարել սովորել է փողոցներում՝ վերարտադրելով այն, ինչ տեսնում է: Նա Ֆրանսիայում գտավ իրեն ընդունող և գեղարվեստական հայրենիք: Կրթություն ստանալով Մոնպառնասի ակադեմիայում, ապա՝ Փարիզի գեղարվեստի բարձրագույն դպրոցում՝  նա գտավ իր հատուկ ոճն ու գունապնակը»,- ասաց դեսպանն ու նկատեց՝ Ժանսեմի կտավներում հաճախ են հանդիպում կորացած մարդիկ, որոնց  դեմքին դրոշմված են վիշտն ու ցավը: 

Դըկոտինյին կարծում է՝ այն հաղորդագրությունը, որը Ժանսեմը ցանկանում է տարածել,  համամարդկային է: Դեսպանը հիշեցրեց, որ Ժանսեմը նաև գրքեր է նկարազարդել և աշխատել է այնպիսի ականավոր գրողների հետ, ինչպիսիք են Կամյուն, Սերվանտեսը, Բոդլերը և այլք: 

Յուրահատուկ ցուցահանդեսի համադրողներն են Նունե Թադևոսյանն ու Վիգեն Գալստյանը:

Թադևոսյանի խոսքով՝ աշխատանքներից շատերը ցուցադրվում են առաջին անգամ: Ընդգրկված են տարբեր շարքեր՝ նվիրված ցլամարտին, պարուհիներին, բնորդուհիներին, դիմակահանդեսին, իտալական հիշողություններին, ինչպես նաև՝ քաղաքային միջավայրին: «Ժանսեմն այն նկարիչներից էր, որի համար գիծը մենաշնորհ էր: Նրա գծերը հիշեցնում են արյունատար անոթներ: Այդ գծերը թրթռուն են, գույները մելամաղձոտ են: «Դիմակահանդես» շարքը ստեղծելիս Ժանսեմը խոստովանել է, որ հոգնել է տխրությունից ու կարոտ է ծափերի ու ծիծաղի, ուստի նկարներում տեսնում ենք առլեկինների, պիեռոների, փողոցներում  խանդավառությամբ քայլող դիմակով մարդկանց»,- պատմեց համադրողն ու շեշտեց՝ Ժանսեմը շատ ծանր կյանքով է ապրել: Նրա համար դժվար է եղել կայանալ օտարության մեջ, ընդունվել ու բարձունքների հասնել և ստանալ Պատվո լեգեոնի շքանշան:

«Ժանսեմը սակավախոս է եղել, ինքնամփոփ, սակայն Հայաստանում փոխվել է.  շրջագայել է գյուղերում, ծանոթացել է հայ ընտանիքների հետ ու սիրահարվել Հայաստանին, հիացել է նրանով, որ ավանդականը Հայաստանում պահպանվել է: Նա միշտ Հայաստան է եկել նվիրատվություններով: 1973-ին նվիրել է գեղանկար, գրաֆիկական գործեր, 1992-ին՝ Աստվածաշնչի 50 նկարազարդում, իսկ 2005-ին՝ 400 աշխատանք»,- պատմեց Թադևոսյանն ու տեղեկացրեց՝ Ժանսեմը սիրել է ջութակ նվագել, ուստի պատահական չէ, որ նրա առաջին աշխատանքը, որը ցուցադրվել է  Անկախների սալոնում, կոչվել է «Ջութակահարը»:

Ժանսեմն անկրկնելի հետագիծ է թողել որպես ֆիգուրատիվ արվեստի ներկայացուցիչ 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և սփյուռքահայ մշակույթի պատմության մեջ:

1950-ականներից սկսած Ժանսեմը խորացել է գրաֆիկայի ասպարեզում՝ հատկապես կենտրոնանալով գունավոր վիմագրության վրա։ Այս արտահայտչամիջոցի ընտրության դրդապատճառները զուտ ստեղծագործական չէին։ Մեծ ճանաչողության հասած նկարչի համար էական էր արվեստի լուսավորչական, մարդասիրական առաքելությունը, և վիմագրությունը հնարավորություն էր ընձեռում ավելի հասանելի ու մատչելի դարձնել իր գործերը հասարակության լայն շերտերին։ 

Հավատարիմ մնալով սոցիալական արվեստի սկզբունքներին՝ Ժանսեմը շարունակում էր իրեն նախորդող ֆրանսահայ գրաֆիկ նկարիչներ Էդգար Շահինի, Տիգրան Փոլատի և Հերան Շաբանի գաղափարական շառավիղը և կենտրոնանում էր հասարակության առավել խոցելի ու անտեսանելի խմբերի պատկերման վրա։ Աղքատները, մարմնավաճառները, կանայք, երեխաներն ու ծերերը, ինչպես նաև առօրյա կյանքի ծեսերն ու առարկաները մշտապես նրա պատկերների թեմատիկ առանցքում էին։

Այդ հայեցակարգը հստակ ամփոփված  է այս ցուցահանդեսում ներկայացված 120-ից ավելի աշխատանքներում։ Մեղմ, ջրաներկային երանգավորումների մեջ տատանվող ջղային գծերն ուրվագծում են սիրո և հոգատարության հիմունքների շուրջ կառուցված փխրուն մի աշխարհ։ Նկարիչը դիտարկում է վերջինս որպես արդիականության անողոք ընթացքից վտանգված, անհետացող մի քաղաքակրթություն, որի հիշողությունն ու հետքը փորձում է հավերժացնել իր հաճախ պաթոսային գծանկարների միջոցով։ 

Արդիականության հանդեպ Ժանսեմի քննադատական, ավանդապաշտ հայացքները սնուցվել են նաև հայկական մշակույթի հետ նրա սերտ առնչություններից։ 1960-ականներից ի վեր նա պարբերաբար ցուցադրվել է Հայաստանում, ինչի շնորհիվ անհերքելի ազդեցություն է ունեցել խորհրդահայ կերպարվեստի զարգացման վրա։ Տարիների ընթացքում նկարիչը Հայաստանին նվիրաբերել է ավելի քան 500 աշխատանք, որի արգասիքն է տվյալ ցուցահանդեսը։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում