Ավելի քան 30 արվեստագետ Հայաստանից և 9 երկրից Երևանում մասնակցում է «Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիային
3 րոպեի ընթերցում

«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիային, որն անցկացվում է հուլիսի 22-ից օգոստոսի 3-ը Երևանում, մասնակցում է ավելի քան 30 արվեստագետ Հայաստանից և ևս 9 երկրից։ Նրանք կուսումնասիրեն, կվերաիմաստավորեն և կվերափոխեն հայկական դասական երաժշտությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ hosq-ի կազմակերպած լաբորատորիայի ընթացքում մասնակիցները, աշխատելով արխիվային ստեղծագործությունների հետ, կփորձարկեն ձայնի, տեսողական արվեստի և տեխնոլոգիայի հատման կետը՝ ընդլայնելով ավանդական կառուցվածքների սահմանները և ստեղծելով գեղարվեստական արտահայտման նոր ձևեր։
Արվեստագետները կընկղմվեն հայկական երաժշտության հարուստ ժառանգության մեջ՝ կիրառելով ժամանակակից ձայնային տեխնիկա և առաջատար մուլտիմեդիա գործիքներ։ Նպատակն է ստեղծել ստեղծագործություններ, որոնք կբացեն նոր հեռանկարներ ինչպես երաժշտության, այնպես էլ միջառարկայական արվեստի համար։

«Նոթեյշնս»-ի գագաթնակետը կլինի երկօրյա ցուցադրական միջոցառումը, որը կներկայացնի այս ինտենսիվ ստեղծագործական գործընթացի արդյունքները։ Ցուցահանդեսը կներառի կենդանի կատարումներ, իմերսիվ ինստալյացիաներ և մուլտիմեդիա աշխատանքներ՝ հանրությանը հնարավորություն տալով ծանոթանալ լաբորատորիայում ծնված փորձարարական ստեղծագործություններին։
«Նոթեյշնս»-ը միայն մեկանգամյա նախաձեռնություն չէ։ Լաբորատորիան նախատեսված է որպես մեկնարկային հարթակ շարունակական գեղարվեստական նախագծերի համար, որոնք կշարունակեն զարգանալ Երևանից դուրս՝ հասնելով միջազգային փառատոնների, ցուցահանդեսների և թվային հարթակների, ապահովելով երկարատև ազդեցություն և համաշխարհային լսարան։
««Նոթեյշնս»-ի միջոցով ցանկանում ենք ստեղծել մի տարածք, որտեղ հայկական երաժշտական ժառանգությունը կդառնա կենդանի, զարգացող լեզու։ Այն միտված է տարբեր մասնագիտությունների և սերունդների արվեստագետներին միավորելուն՝ նոր գաղափարներ արթնացնելուն, ավանդական սահմաններին մարտահրավեր նետելուն և երաժշտության ու արվեստի ապագան անցյալի հետ երկխոսության մեջ պատկերացնելուն»,-նշում է լաբորատորիայի ղեկավար և hosq-ի կրթական ուղղվածության ղեկավար Անդրիեշ Գանդրաբուրը։
Լաբորատորիայի կազմում արվեստագետների և երաժիշտների յուրահատուկ թիմ է, որում ներառված են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, դաշնակահար և մանկավարժ Արամ Հովհաննիսյանը, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և ձայնային դիզայներ Շահեն Խանդկարյանը և դիրիժոր և ջազ երաժիշտ, Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը (Տոտի)։