Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ փաստաթուղթը մոտ ապագայում կստորագրվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետն այդ մասին ասել է երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։ 

Հանդիպման վերաբերյալ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը։ 

Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ապագայում ևս նպաստելու երկխոսությանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։

Կողմերը կարևորել են նաև Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։

Հայաստանն ու Ադրբեջանն այս տարվա մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի նախագծի շուրջ համաձայնության գալու և բանակցություններն ավարտելու մասին։ Դրանից հետո Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել  համաձայնագրի ստորագրման ժամկետներն ու վայրը որոշելու շուրջ, սակայն Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում և ձգձգում է գործընթացը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում