Աֆրիկացի կինոռեժիսոր Աբդերահման Սիսակոն՝ արդարության ջատագով. կինոգործիչը Երևանում հանդիպեց երկրպագուներին
4 րոպեի ընթերցում

Կաննի կինոփառատոնի և «Սեզար»-ի մրցանակակիր մավրիտանացի ռեժիսոր Աբդերահման Սիսակոն համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ջատագովներից է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիսակոն հյուրընկալվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնին, որի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է։
Հուլիսի 18-ին կինոարվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սիսակոն դժվարացավ միանշանակ պատասխանել այն հարցին, թե ինչու է դարձել կինոռեժիսոր։
«Մայրս առաջին ամուսնությունից մեկ զավակ ուներ, որի հետ չի ապրել։ Մեր տանը հաճախ էին խոսում նրա՝ Շերիֆի մասին։ Տարիներ անց մայրս պատահաբար Դաքարում հանդիպում է նրան։ Երբ վերադարձավ տուն, պատմեց այդ հանդիպման մասին ու ասաց, որ Շերիֆը Մոսկվայում կինոռեժիսոր է։ Ինձ համար դա շատ կարևոր պահ էր։ Գուցե հենց այդ պահին որոշեցի Շերիֆ դառնալ մորս համար, դառնալ այն որդին, որի հետ նա չէր ապրել»,-ընդգծեց Սիսակոն։
Մայրը լքել է Սիսակոյի հորն ու որդու հետ հաստատվել Մավրիտանիայում։ Սիսակոն տարվել է թենիս խաղալով, հաճախ է տեղացիների հետ խաղացել, մարդկանց, որոնք խորհրդային արժեքների կրող են եղել։ Մի օր էլ թենիսի ակումբի տնօրենը նրան ծանոթացրել է համաշխարհային գրականության լավագույն նմուշներին։ Ապագա կինոռեժիսորը հրապուրվել է գրքերով ու շաբաթը մեկ գիրք կարդացել։ Սիրել է ռուս դասականներին։ Կինոռեժիսորը խոստովանեց, որ Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ը մինչև վերջ չի կարողացել կարդալ, սակայն սիրով է ընթերցել հեղինակի «Ոճիր և պատիժ» վեպը, որը նրան շատ է գրավել։
«Մի օր թենիսի ակումբի տնօրենը հարցրեց, թե ինչ եմ ցանկանում դառնալ, պատասխանեցի՝ կինոռեժիսոր։ Մեկ ամիս անց նա եկավ և ասաց, որ հնարավորություն կա Մոսկվայում սովորելու։ Ինձ մայրս ու հայրս են կրթել։ Նրանք հետաքրքիր մարդիկ են և արել են ամեն բան, որ չկորցնեմ արդարության զգացումը։ Երբ պետք է մեկնեի Մոսկվա, մայրս ասաց, որ չգիտի, թե ուր եմ գնում, գաղափար չունի, բայց ուզում է, որ օգնեմ մարդկանց։ Մտածում էի՝ ախր ինքս օգնության կարիք ունեմ, ինչպե՞ս եմ օգնելու այլ մարդկանց, բայց մորս խոսքերն ինձ համար մեծ նշանակություն ունեին։ Իմ գործունեության ընթացքում միշտ հետևել եմ այդ գաղափարին»,-շեշտեց նա և հավելեց՝ կինոյում ոչ թե պայքարի գաղափարն է առաջ մղում, այլ այն ներկայացնում է որպես արվեստ։
Աբդերահման Սիսակոն ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է։ Եղել է Բեռլինի և Կաննի կինոփառատոնների ժյուրիի անդամ, ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի հանձնաժողովը։ 2015 թվականին «Տիմբուկտու» ֆիլմի համար արժանացել է երեք «Սեզար» մրցանակի՝ լավագույն օրիգինալ սցենարի, լավագույն ռեժիսորի և լավագույն ֆիլմի համար։
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 13-20-ը։ Այն իր շուրջ է համախմբել կինոյի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև հարյուրից ավելի ֆիլմեր, որոնցից շատերը մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։
Պատվավոր հյուրերից են Ամիր Նադերին, Ջաֆար Փանահին, Մարկո Մյուլերը, Ադա Սոլոմոնն ու Աթինա Ռախիլ Ցանգարին և այլ կինոգործիչներ։ Նրանք քննարկումների, վարպետության դասերի, աշխատարանների միջոցով իրենց փորձն ու արվեստն են ներկայացնում կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։
