Միացյալ Նահանգներ

Լուլա դա Սիլվան Թրամփին մեղադրել է Բրազիլիայի ինքնիշխանության վրա հարձակման մեջ

2 րոպեի ընթերցում

Լուլա դա Սիլվան Թրամփին մեղադրել է Բրազիլիայի ինքնիշխանության վրա հարձակման մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ դադարեցնելու Բրազիլիայի նախկին ղեկավար (2019-2022) Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ դատական հետապնդումը, հարձակում են հարավամերիկյան հանրապետության ինքնիշխանության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ազգին հղած ուղերձում:

«Բրազիլիայի դատական համակարգի վրա ազդեցություն գործելու փորձերը լուրջ հարձակում են ազգային ինքնիշխանության վրա», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նախագահի խոսքով՝ իրեն վրդովել է այն փաստը, որ «երկրի վրա այդ հարձակումը ստացել է բրազիլացի շատ քաղաքական գործիչների պաշտպանությունը»: 

«Նրանք իրենց հայրենիքի իսկական դավաճաններ են», - ընդգծել է պետության ղեկավարը:

Ավելի վաղ Թրամփը քննադատել է Բրազիլիայի իշխանություններին Բոլսոնարուի նկատմամբ գործողությունների համար, որի դեմ ընթանում է հետաքննություն հեղաշրջման փորձի գործով՝ 2022 թվականին երկրի գործող ղեկավարի իշխանության գալը խափանելու նպատակով: ԱՄՆ նախագահը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին ղեկավարի դեմ դատավարությունը:

Լուլա դա Սիլվան նաև հայտարարել է, որ պատրաստ է ձեռնարկել ցանկացած միջոց հանրապետության տնտեսությունը պաշտպանելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ ղեկավարությունը հայտարարել է օգոստոսի 1-ից բրազիլական ապրանքների համար  50%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին: 

«Եթե պահանջվի, մենք գործի կդնենք բոլոր օրինական միջոցները մեր տնտեսության պաշտպանության համար՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դիմելուց մինչև Տնտեսական փոխադարձության մասին օրենքի կիրառումը», - նշել է նա:

«Մաքսային պատերազմներում հաղթողներ չեն լինում։ Մենք խաղաղասեր երկիր ենք, մենք թշնամիներ չունենք: Մենք հանդես ենք գալիս բազմաբևեռայնության և երկրների միջև համագործակցության օգտին: Սակայն թող ոչ ոք չմոռանա, որ Բրազիլիայի միակ տերը նրա ժողովուրդն է», - եզրափակել է Լուլա դա Սիլվան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում